Դեկուն բացել է խաղաքարտերը․ Ֆլիկ, Կանսելու, տեր Շտեգեն, Բարսելոնա և Ռեալ Մադրիդ
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում հաղթական 3-2 հաշվով ավարտված Էլ Կլասիկոյից հետո Բարսելոնայի սպորտային տնօրեն Դեկուն խոսեց El Larguero-ի հետ՝ անդրադառնալով մի շարք թեմաների։
Կրած պարտությունից մի քանի ժամ անց Մադրիդի Ռեալը կայացրեց որոշում, որը մեծ աղմուկ առաջացրեց ֆուտբոլասերների շարքերում։ Սերուցքայինները հեռացրին գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, իսկ նրան փոխարինելու եկավ երկրորդ թիմի մարզիչ Ալվարո Արբելոան։
Անդրադառնալով իրավիճակին՝ Դեկուն խոստովանեց. «Ճշմարտությունն այն է, որ դա ինձ զարմացրեց։ Նա դեռ երկար ժամանակ չէր աշխատել այնտեղ։ Փաստացի նոր էր սկսել աշխատանքը։ Նրանք շարունակում են հանդես գալ Չեմպիոնների լիգայում և Լա Լիգայում ընդամենը չորս միավորով են հետ մնում Բարսելոնայից։
Մենք իհարկե գիտենք, թե ինչ ազդեցություն ունեն Բարսելոնա–Մադրիդ խաղերը։ Դրանք միշտ բարդ իրավիճակներ են, և առաջինը հենց մարզիչներն են տուժում»։
Դեկուին հարցրին նաև Ալվարո Արբելոայի մասին, որը նշանակվել էր որպես ժամանակավոր լուծում. «Ես չգիտեմ նրա աշխատանքը և չեմ կարող ասել՝ լավ մարզիչ է, թե ոչ։ Այսպիսի դեպքերում ես նախընտրում եմ կենտրոնանալ մեր աշխատանքի վրա և սպասել՝ տեսնելու, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»։
Բարսելոնա – Ռեալ Մադրիդ
Անդրադառնալով երկու հսկաների խաղադաշտային տարբերություններին՝ Դեկուն ընդգծեց ոճային հակադրությունը՝ առանց քննադատական տոն օգտագործելու։
«Ես տեսել եմ Մադրիդին՝ ավելի հակագրոհային մոտեցմամբ։ Նրանք այդպես խաղացին նաև Ատլետիկոյի դեմ՝ օգտագործելով Վինիի և Ռոդրիգոյի արագությունը հարձակման գծում։
Մենք չենք սիրում կենտրոնանալ մրցակիցների վրա։ Մեր ֆուտբոլային գաղափարը հստակ է, և մենք միշտ ցանկանում ենք վերահսկել գնդակը։ Կարծում եմ՝ Հանսիի գալուց հետո մենք որակական թռիչք ենք կատարել թե՛ խաղի վերահսկման, թե՛ ֆիզիկական պատրաստվածության առումով», — եզրափակեց նա։
Ֆլիկի ապագան
Բնականաբար, քննարկման հիմնական թեմաներից մեկը Ֆլիկի ապագան էր։ Դեկուն հանգիստ ու հավասարակշռված էր՝ ընդգծելով, որ մարզիչը հարմարվել է և հաճույքով է աշխատում Բարսելոնայում։
«Այն, ինչ կարող եմ ասել, այն է, որ Հանսին երջանիկ է և վայելում է իր աշխատանքը Բարսելոնայում։ Մեծ ակումբներում դժվար է տարիների մասին խոսելը։ Նա դեռ մեկ մրցաշրջան ունի պայմանագրով, բայց կարող եմ ասել, որ տեսնում եմ նրան երջանիկ և բավարարված Բարսելոնայում։ Դեռ վաղ է։ Նրա հետ մենք բարելավել ենք հանդերձարանի կառավարումը», — վստահեցրեց Դեկուն։
Ժոաու Կանսելուի տրանսֆերը
Այնուհետև Դեկուն անդրադարձավ Ժոաու Կանսելուի տեղափոխությանը՝ բացատրելով, թե ինչու է գործարքը վերջապես իրականություն դարձել։
Նա հստակ նշեց, որ Բարսելոնան վաղուց էր գնահատում պորտուգալացի ֆուտբոլիստին և այժմ նրան դիտարկում է որպես կարևոր հզորացում։
«Նա խաղացող է, ով ավելի շատ որակ և արժեք է բերում թիմին։ Մենք նախկինում էլ էինք ցանկանում նրան ձեռք բերել, բայց չէինք կարող մրցել Սաուդյան Արաբիայից ստացած առաջարկի հետ։
Հիմա հնարավորություն է ստեղծվել, և մենք կվայելենք մի խաղացողի, ով կարող է հանդես գալ երկու եզրերում, ինչպես նաև՝ վինգերի դիրքում և նույնիսկ կիսապաշտպանությունում», — նշեց Դեկուն։
Դարպասապահների իրավիճակը
Քննարկման մեկ այլ թեմա Մարկ-Անդրե տեր Շտեգենի ապագան էր՝ նրան հնարավոր վարձակալությամբ տեղափոխելու մասին լուրերի ֆոնին։
Դեկուն շտապեց հանգստացնել խոսակցությունները և վերահաստատեց ակումբի դիրքորոշումը․ «Ճիշտ է, որ Ժիրոնան հետաքրքրված է վարձակալությամբ ձեռք բերմամբ, բայց նախ նրանք պետք է խոսեն Մարկի հետ, հետո՝ նա մեզ հետ։
Այս պահին Մարկը մեր խաղացողն է։ Մենք շատ գոհ ենք նրանից, և նա մեզանից ոչինչ չի խնդրել»։
Նա դրական խոսեց նաև Ժոան Գարսիայի մասին, որի դերը թիմում աճել է սպասվածից արագ. «Մենք գիտեինք, որ նա տարբերակ է թե՛ ներկայի, թե՛ ապագայի համար, բայց Մարկի վնասվածքի պատճառով ամեն ինչ մի փոքր շուտ տեղի ունեցավ։ Նա անցկացնում է ֆանտաստիկ մրցաշրջան, ունի հանգստություն և բնավորություն, որը շատ լավ տեղավորվել է հանդերձարանում»։
Արաուխո, Ռաֆինյա և Լևանդովսկի
Ռոնալդ Արաուխոյի վերադարձը ևս գոհունակություն առաջացնող թեմա էր Դեկուի համար։
«Մենք շատ գոհ ենք նրա առաջընթացից։ Նա մեզ համար շատ կարևոր խաղացող է։ Նա բարձր մակարդակի ձմեռային համալրում է», — ասաց նա։
Դեկուն առանձնահատուկ գովեստի խոսքեր ուղղեց Ռաֆինյային՝ ընդգծելով նրա առաջնորդական հատկանիշներն ու զարգացումը Ֆլիկի ղեկավարության ներքո. «Նա թիմի առաջնորդն է։ Միշտ դժվար է միանալ Բարսելոնայի նման պահանջկոտ թիմի, բայց կարծում եմ՝ նրա առաջին մրցաշրջանը Խավիի հետ լավն էր։
Հանսի Ֆլիկի հետ մենք տեսնում ենք մի Ռաֆինյայի, ով շատ վստահ է, ունի բնավորություն և մեծ ինքնուրույնություն խաղադաշտում։ Նա ունի էներգիա և ոգի, ինչպիսին քիչ խաղացողների մոտ եմ տեսել։ Նա ցանկություն ունի պատմություն կերտելու և հաջողելու Բարսելոնայում»։
Վերջում Դեկուն զգուշությամբ ու հարգանքով խոսեց Ռոբերտ Լևանդովսկիի պայմանագրային իրավիճակի մասին. «Ռոբերտը վայելում է իր ժամանակը Բարսելոնայում։ Նա վերջին տարիների լավագույն հարձակվողներից մեկն է։
Ես չգիտեմ՝ ինչ ծրագրեր ունի նա, բայց այս պահին պետք է քայլ առ քայլ առաջ գնանք և հետո նստենք ու հստակ խոսենք՝ ինչ ենք ուզում անել։ Դեռ ճիշտ ժամանակը չէ․ մենք կենտրոնացած ենք կարևոր հարցերի վրա։ Ժամանակի ընթացքում կգա նաև այդ խոսակցության պահը»,_ եզրափակեց պորտուգալացին։
