ad-banner-1

Դե լա Ֆուենտեն խոսել է Յամալի և Կարվախալի վեճի մասին

Ավելի քան մեկ շաբաթ է անցել այն պահից, երբ լարվածություն առաջացավ Բարսելոնայի երիտասարդ տաղանդ Լամին Յամալի և Ռեալ Մադրիդի ավագ Դանի Կարվախալի միջև։ Առաջին Կլասիկոյից հետո, որը Սանտյագո Բեռնաբեուում ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 2:1 հաշվով, երկու խաղացողների միջև խոսակցությունը վերածվեց թիմերի միջև վեճի։

Դրանից հետո իսպանական մամուլում մտահոգություններ էին հնչում, թե արդյոք միջադեպը չի անդրադառնա ազգային հավաքականի մթնոլորտի վրա, հատկապես հաշվի առնելով, որ երկու ֆուտբոլիստներն էլ կարևոր դեր ունեն Լուիս դե լա Ֆուենտեի թիմում, և Աշխարհի առաջնությանը մնացել է ընդամենը մի քանի ամիս։

Դե լա Ֆուենտեն վստահ է թիմի համախմբվածությանը

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն առաջին անգամ անդրադարձել է Կարվախալի և Յամալի միջև տեղի ունեցածին։ Մարզիչը լիովին հանգիստ է հնարավոր հետևանքների հարցում՝ նշելով, որ միջադեպը չի ազդի հավաքականի միասնականության վրա։

«Երբեք ոչ մի խնդիր չի եղել, ոչ մի տարօրինակ վարքագիծ որևէ մեկից։ Սա դպրոցական կռիվ չէ։ Թիմում տիրում է ընտանիքի, միասնության մթնոլորտ, որտեղ ընդհանուր շահը գերադասվում է անհատականից։ Սա շատ բան է ասում այս ֆուտբոլիստների մասին», – ասել է Դե լա Ֆուենտեն։

Նրա խոսքով՝ միջամտելու կամ միջնորդելու անհրաժեշտություն չկա։

«Այժմ դա ակումբների գործն է։ Նրանց ներկայացուցիչներն են պատասխանատու։ Ես շատ եմ խոսել թե՛ Լամինի, թե՛ Դանի Կարվախալի, և թե՛ մյուս ֆուտբոլիստների հետ», – հավելել է նա։

Դե լա Ֆուենտեն նախընտրում է հիշել ոչ թե Կլասիկոյի վերջում եղած վիճաբանությունը, այլ Եվրոպայի առաջնության գեղեցիկ դրվագը, որը, ըստ նրա, լավագույնս է արտացոլում երկու ֆուտբոլիստների հարաբերությունը։

«Միշտ կհիշեմ Եվրոպայի առաջնությունում Լամինի փոխանցումն ու Կարվախալի գոլը, նրանց գրկախառնությունը, ժպիտները։ Դա է իրական հավաքականը։ Լիովին վստահ եմ, որ ընդհանուր նպատակը միշտ առաջին տեղում է», – եզրափակել է մարզիչը։

Աղբյուր՝ MARCA

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։