Բարսելոնան զայրացած է Լևանդովսկու վրա
Բարսելոնան դժգոհ է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուց՝ Լեհաստանի հավաքականում ստացած վնասվածքի պատճառով։ Լեհն ինքն է սրել իր վնասվածքը և այժմ բաց կթողնի մոտ մեկ ամիս։
Ինչպես հաղորդում է Marca-ն, հարձակվողը ցավ է զգացել ձախ ազդրի հատվածում Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Լիտվայի դեմ խաղի (2-0) առաջին խաղակեսում։ Չնայած դրան, ֆուտբոլիստը որոշել է շարունակել խաղը բուժաշխատողների կողմից առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո։ Այս որոշումը հանգեցրել է ձախ ազդրի հետին մկանների պատռմանը։
Նշվում է, որ Բարսելոնան զայրացած է այս ամբողջ իրավիճակից։ Այժմ ակումբի դժգոհությունը ուղղված է ոչ միայն հավաքականներին, այլև հենց ֆուտբոլիստներին, ովքեր ի վիճակի չեն հոգ տանել իրենց մասին։
Ավելի վաղ ազգային թիմերի խաղերի դադարից հետո վնասվածքներով ակումբ էին վերադարձել նաև Լամին Յամալը, Դանի Օլմոն և Ֆերան Տորեսը։
