Բարսելոնան հետևում է 18-ամյա տաղանդին
Բարսելոնան շարունակում է հետևել երիտասարդ տաղանդներին՝ նպատակ ունենալով ամրապնդել ակումբի երիտասարդական և պահեստային թիմերի շարքերը։ Այս պահին ընթացքի մեջ են Ալ Ահլիի պատանի հարձակվող Համզա Աբդելկարիմի տրանսֆերի շուրջ աշխատանքները։ Սպասվում է, որ նա կմիանա թիմին՝ ուժեղացնելու Բարսա Աթլետիկի կազմը։
Բացի այդ, պարզվում է, որ կատալոնական ակումբն իր ուշադրության կենտրոնում է պահում նաև պաշտպանության հեռանկարային մեկ այլ խաղացողի՝ պահեստային թիմի պաշտպանական գիծն ամրապնդելու նպատակով։ SPORT պարբերականի հաղորդմամբ՝ Բարսելոնան հետաքրքրություն է ցուցաբերում խորվաթական Դինամո Զագրեբի 18-ամյա պաշտպան Լեոն Յակիրովիչի նկատմամբ։
Յակիրովիչը համարվում է խորվաթական ֆուտբոլի ամենախոստումնալից տաղանդներից մեկը։ Նրան թիմում խոստացվել էր զգալի դերակատարում, սակայն իրականությունն այլ է եղել, ինչի պատճառով ֆուտբոլիստն այժմ ցանկանում է հեռանալ։
Բարսելոնան նրան հետևել է նախորդ նոյեմբերին Կատարում կայացած մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության ընթացքում, և ստացված զեկույցները եղել են խիստ դրական։
Այնուամենայնիվ, տրանսֆերը առայժմ հապաղում է ակումբի ֆինանսական արդար խաղի սահմանափակումների պատճառով։ Ինչպես առաջին թիմը, այնպես էլ պահեստային կազմը չեն կարողանում համալրումներ կատարել գործող սահմանափակումների հետևանքով։ Չնայած կուլիսային ակտիվ աշխատանքներին՝ աշխատավարձերի ֆոնդում դեռևս ազատ տեղ չկա գործարքն ավարտին հասցնելու համար։
Հետևաբար, նոր խաղացող գրանցելու համար ինչ-որ մեկը պետք է հեռանա թիմից։ Հավանական է, որ կդիտարկվեն Մամադու Մբակեի կամ նույնիսկ Ալվարո Կորտեսի վաճառքի տարբերակները։
Սա է պատճառներից մեկը, թե ինչու է Աբդելկարիմի տեղափոխությունը ձգձգվում, ինչը կարող է խոչընդոտել նաև Յակիրովիչի ժամանմամը։ Իրավիճակն էլ ավելի է բարդանում այն հանգամանքով, որ Միլանը նույնպես հետաքրքրված է պաշտպանով և պատրաստ է նրա համար վճարել 2,5 միլիոն եվրո։
