Բարսելոնան հերթական տաղանդին է խլում Եվրոպայից
Համզա Աբդելկարիմի և Պատրիսիո Պասիֆիկոյի տրանսֆերների շուրջ համաձայնության գալուց հետո Բարսելոնան այժմ պատրաստ է ավարտին հասցնել ևս մեկ խոստումնալից երիտասարդ տաղանդի ձեռքբերումը։
SPORT պարբերականի լրագրող Կառլոս Մոնֆորտի տեղեկություններով՝ Բարսելոնան լիարժեք համաձայնության է եկել Գենկից Յուվենսլի Օնստեյնի տրանսֆերի հարցում։ 18-ամյա հոլանդացի պաշտպանը այսօր առավոտյան արդեն անցել է բժշկական զննում Բարսելոնայում և շուտով կստորագրի պայմանագիրն ակումբի հետ։ Ծրագրվում է, որ ֆուտբոլիստը պայմանագիրը կստորագրի վաղը կամ մյուս օրը Ժոան Գամպերի անվան մարզական համալիրում, ինչից հետո նա պաշտոնապես կդառնա պահեստային թիմի՝ Բարսա Աթլետիկի անդամ։
Կատալոնական ակումբը ցանկանում է, որ Օնստեյնը հնարավորինս շուտ միանա խմբին և սկսի բնականոն մարզումները՝ պայմանագրի ստորագրումից և ներքին շնորհանդեսից անմիջապես հետո։
Ըստ զեկույցի՝ Օնստեյնը սեղանին ուներ մի քանի գրավիչ առաջարկ, սակայն ի սկզբանե հստակեցրել էր, որ իր առաջնահերթությունը Բարսելոնան է։ Կապտանռնագույնների կառուցվածքում զարգանալու հնարավորությունը և մարզական նախագիծը վճռորոշ գործոններ են դարձել առաջարկն առանց վարանելու ընդունելու հարցում։
Ակումբն իր հերթին նրան տեսնում է որպես աճի մեծ ներուժ ունեցող խաղացող, որը կարող է հարմարվել իրենց խաղաոճին։ Նա իր ելույթները կսկսի Բարսա Աթլետիկում՝ հստակ նպատակ ունենալով ամրապնդվել Ժուլիանո Բելետիի թիմում և հեռանկարում հայտնվել Հանսի Ֆլիկի ուշադրության կենտրոնում։
Այս ձեռքբերումը համապատասխանում է այն սկաուտական քաղաքականությանը, որը ներդրվել է Ժոաու Ամարալի՝ բաժնի ղեկավար նշանակվելուց հետո։ Նրա գալուց ի վեր Բարսելոնան ուժեղացրել է իր ռազմավարությունը, որը հիմնված է արտերկրում տաղանդների հայտնաբերման վրա՝ նախքան ֆինանսապես ավելի հզոր ակումբների միջամտությունը։ Նպատակը պարզ է՝ կանխատեսել, պայմանագրեր կնքել հեռանկարային խաղացողների հետ և ապագայում ստանալ թե՛ մարզական, թե՛ տնտեսական օգուտներ։
