Լևանդովսկին պետք է բարդ որոշում կայացնի
Ռոբերտ Լևանդովսկու ապագան Բարսելոնայում շարունակում է մնալ անորոշ։ Լեհ հարձակվողի պայմանագիրը ավարտվում է մրցաշրջանի վերջում, իսկ երկարաձգման շուրջ բանակցություններ դեռ չեն սկսվել։
Ակումբը չի շտապում որոշում կայացնել՝ հաշվի առնելով ֆինանսական իրավիճակը։ Վերջին շաբաթներին Լևանդովսկու դերը թիմում որոշ չափով նվազել է, իսկ Ֆեռան Տոռեսը սկսել է ավելի հաճախ հայտնվել մեկնարկային կազմում։
Այս ֆոնին հետաքրքրություն է դրսևորել MLS-ի Չիկագո Ֆայրը, որը ըստ Mundo Deportivo-ի, արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի շրջապատի հետ։ Սկզբնական քննարկումները գնահատվում են դրական։ Վերջին օրերին լուրեր են շրջանառվում նաև Ինտեր Մայամիի հետաքրքրության մասին, թեև այս պահին որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել։
Միևնույն ժամանակ, հետաքրքրությունը Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի կողմից ևս շարունակվում է, որտեղ ֆինանսական հնարավորությունները դժվար թե խոչընդոտ հանդիսանան։
Այսպիսով Լևանդովսկու համար որոշումը հեշտ չի լինելու։ Նա կարող է մնալ Բարսելոնայում ևս մեկ մրցաշրջան, տեղափոխվել Միացյալ Նահանգներ կամ ընդունել Սաուդյան Արաբիայից եկող ֆինանսապես շահավետ առաջարկը։
