Անգլիական գրանդը ձեռք կբերի՞ Ֆերմինի տրանսֆերը
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ֆերմին Լոպեսը Չելսիի գլխավոր թիրախներից էր. ազնվականները մեծ ջանքեր էին գործադրում երիտասարդ կիսապաշտպանին Բարսելոնայից հեռացնելու համար։
Ի վերջո, սակայն, Լա Մասիայի սանը որոշեց մնալ ակումբում՝ մերժելով Պրեմիեր լիգայի հսկայի առաջարկները։ Իր հերթին, Բարսան նույնպես մտադիր չէր բաժանվել 22-ամյա իսպանացուց, ով դարձել է Հանսի Ֆլիկի թիմի առանցքային խաղացողներից մեկը։
Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն DAZN-ի եթերում, թեև Չելսին վաղուց է հիանում Ֆերմին Լոպեսի խաղով, ընթացիկ հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում նրան ձեռք բերելու փորձը քիչ հավանական է։
Լոնդոնյան ակումբում ներկայումս փոփոխություններ են տեղի ունենում. նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Լիամ Ռոզենյորը, ով փոխարինել է Էնցո Մարեսկային։ Այդ պատճառով հնարավոր է, որ առաջիկա շաբաթներին Սթեմֆորդ Բրիջում որոշ տրանսֆերներ իրականացվեն։ Այնուամենայնիվ, Ֆերմինը այս պահին անգլիական գրանդի օրակարգում չէ, և դժվար թե նրանք այս ամիս նման մասշտաբի տրանսֆեր իրականացնեն։
Ավելին, Բարսելոնայի կողմից Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի վաճառքի հարցն ընդհանրապես քննարկելի չէ՝ հաշվի առնելով նրա կարևոր դերը Հանսի Ֆլիկի մարտավարական համակարգում։ Ֆերմինը շաբաթվա սկզբին փայլեց Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում, որտեղ Բարսելոնան 5–0 հաշվով ջախջախեց Աթլետիկին։ Այս մրցաշրջանում անցկացրած 20 խաղում նա արդեն դարձել է 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Այդուհանդերձ, անգլիական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Չելսին կարող է վերադառնալ Ֆերմինի տրանսֆերի հարցին այս տարվա ամռանը՝ որպես իր նախատեսած 150 միլիոն եվրոյի հսկայական տրանսֆերային ծախսերի մաս։
