Բարսելոնան կարող է կորցնել երազանքների հարձակվողին
Բարսելոնան բախվում է աճող մրցակցության՝ Եվրոպայի ամենացանկալի հարձակվողներից մեկին ձեռք բերելու հարցում։ Ինչպես հաղորդում է ESPN-ը, որին հղում է անում SPORT պարբերականը, Արսենալը պատրաստ է մրցակցել կապտանռնագույնների հետ Ատլետիկո Մադրիդի հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերի համար։
Բարսելոնայի հետաքրքրությունը Ալվարեսի նկատմամբ վաղուց է հայտնի։ Ակումբի ներսում արգենտինացուն դիտարկում են որպես Ռոբերտ Լևանդովսկու իդեալական երկարաժամկետ փոխարինող, որի դերը՝ որպես հարձակման գլխավոր հենասյուն, վաղ թե ուշ թարմացման կարիք կունենա։ Ալվարեսի բազմաֆունկցիոնալությունը, աշխատասիրությունն ու գոլ խփելու ունակությունը նրան դարձնում են մի խաղացող, որը լիովին համապատասխանում է Բարսելոնայի թե՛ մարզական պահանջներին, թե՛ խաղաոճին։
Այնուամենայնիվ, Բարսելոնայում լավ գիտակցում են, որ ֆուտբոլիստին ձեռք բերելը չափազանց բարդ կլինի։ Նրա շուկայական արժեքը գնահատվում է մոտ 100 միլիոն եվրո, իսկ իրավիճակն էլ ավելի է բարդանում, քանի որ ֆինանսապես հզոր մի քանի ակումբներ պատրաստ են ամեն ինչ անել նրան ձեռք բերելու համար։ Այս իրողությունը Բարսելոնային դնում է անբարենպաստ վիճակում՝ առնվազն կարճաժամկետ հեռանկարում։ Այս պահին Արսենալը համարվում է ամենալուրջ մրցակիցներից մեկը։ Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբը ծրագրում է խոշոր ներդրում կատարել ամռանը և Ալվարեսին տեսնում է որպես ֆուտբոլիստի, որը կարող է բարձրացնել իրենց հարձակման գծի մակարդակը։
Լոնդոնյան ակումբի վստահությունը սերտորեն կապված է Անդրեա Բերտայի ներկայության հետ, ով միացել է Արսենալին՝ Ատլետիկո Մադրիդում 12 տարի աշխատելուց հետո։ Բերտայի խորը գիտելիքները իսպանական ակումբի մասին Արսենալին տալիս են ռազմավարական առավելություն։ Նշվում է, որ նա անմիջականորեն ներգրավված է եղել 2024 թվականին Մանչեսթեր Սիթիից Ալվարեսի տեղափոխության բանակցություններում։ Բացի այդ, նա ամուր աշխատանքային հարաբերություններ է պահպանում խաղացողի գործակալ Ֆերնանդո Իդալգոյի և նրա թիմի հետ։
Ալվարեսը Ատլետիկո Մադրիդի հետ ունի երկարաժամկետ պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2030 թվականը, իսկ նրա հրաժարագինը կազմում է աստղաբաշխական 500 միլիոն եվրո։ Թեև չի ակնկալվում, որ որևէ ակումբ կվճարի այդ գումարը, Ատլետիկոն բանակցություններ կսկսի միայն մոտ 100 միլիոն եվրոյի առաջարկների դեպքում, ինչը թույլ կտա նրանց հետ վերադարձնել իրենց նախնական ներդրումը։
Բարսելոնայի տեսանկյունից համբերությունը վճռորոշ է։ Ակումբը ծրագրում է սպասել մինչև ամռանը վերադառնա ֆինանսական 1:1 կանոնին համապատասխան վիճակին։ Այդ նպատակին հասնելուց հետո Բարսելոնան մտադիր է լուրջ քայլեր ձեռնարկել նոր կենտրոնական հարձակվող ձեռք բերելու համար, և Ալվարեսը նրանց ցանկում գտնվում է առաջին հորիզոնականում։
