ad-banner-1

Չնայած Սուպերգավաթին՝ Կրոսը չի հավատում Բարսային․ «Չեմպիոնների լիգան նրանցը չէ»

Սովորաբար հաղթողներին չեն դատում, այլ համեստորեն ընդունում են նրանց ուժային առավելությունը, սակայն դա Մադրիդի երկրպագուների մասին չէ։

Չնայած այն հանգամանքին, որ Բարսելոնան անցած կիրակի Ռեալ Մադրիդին հաղթելով նվաճեց մրցաշրջանի առաջին տիտղոսը՝ Իսպանիայի Սուպերգավաթը, և ներկայումս Լա Լիգայի առաջատարն է՝ նախորդ մրցաշրջանում հաղթելով բոլոր երեք ներքին մրցաշարերը, եվրոպական ասպարեզում թիմի հնարավորությունները շարունակում են կասկածի տակ դրվել։

Այս անգամ կոշտ գնահատականով է հանդես եկել Ռեալ Մադրիդի լեգենդը և Չեմպիոնների լիգայի վեցակի հաղթող Տոնի Կրոսը։ Իր եղբոր՝ Ֆելիքս Կրոսի հետ վարած «Einfach mal Luppen» պոդքաստում գերմանացի նախկին կիսապաշտպանը նշել է, որ միջազգային մրցաշարերում Բարսելոնայի հնարավորությունների վերաբերյալ պահպանում է նույն կարծիքը, որն ուներ նախորդ մրցաշրջանում։ SPORT-ը առանձնացրել է Կրոսի խոսքից մի քանի ուշագրավ դրվագներ։

«Բարսելոնան շատ ուրախ է Իսպանիայի Սուպերգավաթը հաղթելու համար, բայց հիմա գալիս է Չեմպիոնների լիգան, որտեղ Բարսելոնան կհանդիպի բարձր մակարդակի մրցակիցների, և ես չեմ կարծում, որ նրանք որևէ միջազգային տիտղոս կհաղթեն»։

«Ես դեռ նույն կարծիքն ունեմ, ինչ անցած մրցաշրջանում։ Առնվազն իմ տեսանկյունից՝ Բարսելոնան չի հաղթի Չեմպիոնների լիգան։ Եթե հոգնած ես և չես փոխում քո խաղային ոճը, շատ ակնհայտ է դառնում, թե որքան խոցելի ես»։

Միևնույն ժամանակ Կրոսը չի նսեմացնում կատալոնական թիմի խաղային որակը։ Ավելի վաղ նա ընդգծել էր, որ Ֆլիկի թիմը խաղում է Եվրոպայում ամենագրավիչ ֆուտբոլային ոճերից մեկը, սակայն նաև զգուշացրել էր բարձր ռիսկերի մասին։

«Բարսելոնան խաղում է Եվրոպայում ամենագրավիչ ֆուտբոլային ոճերից մեկը, գուցե՝ ամենագրավիչը, բայց նրանք նաև շատ մեծ ռիսկեր են վերցնում։ Եթե Պեդրին, Լամին Յամալը կամ Ռաֆինյան վատ օր ունենան, ցանկացած թիմ կարող է վնասել նրանց և դուրս թողնել Չեմպիոնների լիգայից»։

Կրոսի այս հայտարարությունները մեծ արձագանք են առաջացրել Իսպանիայում՝ հատկապես Բարսելոնայի երկրպագուների շրջանում, և հերթական անգամ բորբոքել են քննարկումները կատալոնական ակումբի եվրոպական իրական հնարավորությունների շուրջ։

Liana

Հեղինակ՝ Liana