Հանսի Ֆլիկ. «Մարզիչները հաճախ են քավության նոխազ դառնում»
Վաղը Բարսելոնան Արքայական գավաթի շրջանակներում հանդիպում կանցկացնի Ռասինգ Սանտանդերի դեմ։ Նախախաղային ճեպազրույցի ընթացքում Հանսի Ֆլիկը պատասխանել է հնչեցված հարցերին՝ չթաքցնելով իր ոգևորությունը գավաթ նվաճելու կապակցությամբ։
Ինչպե՞ս եք մոտենում Ռասինգի դեմ խաղին Սուպերգավաթից հետո։
«Դա երիտասարդ թիմ է, որը շատ լավ ֆուտբոլ է խաղում․ նրանք շատ ինտենսիվ են։ Սա Գավաթն է, և մենք պետք է պատրաստ լինենք հենց սկզբից»։
Կանսելուն ֆիզիկապես պատրա՞ստ է խաղալու։ Ինչպե՞ս է նա համապատասխանում ձեր ֆուտբոլային գաղափարներին։
«Ինչպես արդեն ասացի, մենք պետք է որոշենք այն, ինչ մեզ հիմա անհրաժեշտ է։ Կենտրոնական պաշտպանի դիրքում մենք լավ վիճակում ենք՝ ունենալով Կուբարսիին, Ժերարին կամ Էրիկին։ Կանսելուն կարող է խաղալ մի քանի դիրքերում, նա ֆանտաստիկ է այդ առումով։ Նա որակ է հաղորդում հարձակմանը՝ մի բան, որի կարիքը մենք նույնպես ունենք։ Երբ մենք մրցակցի տուգանայինի մատույցներում ենք, մեզ որակ է պետք»։
Ո՞վ կլինի դարպասապահը։
«Ես ունեմ բոլոր տարբերակները։ Կարծում եմ՝ կխաղա Ժոանը, բայց վաղը կտեսնենք»։
Ձեզ զարմացրե՞ց Խաբի Ալոնսոյի հեռացումը։
«Սա ֆուտբոլ է, և դա իմ գործը չէ։ Կարող եմ ասել, որ լավ հարաբերություններ ունեմ Խաբիի հետ․ մենք հանդիպել ենք Լևերկուզենում և կապ ենք պահպանել։ Սա ֆուտբոլ է, և ես նրան լավագույնն եմ մաղթում։ Համոզված եմ, որ նա շուտով նոր հիանալի նախագիծ կունենա իր և իր մարզչական շտաբի համար։ Պետք է առաջ շարժվել, բայց նա մեծ մարզիչ է և մեծ ապագա ունի»։
Որքանո՞վ է կարևոր Լապորտայի վստահությունը ձեր հանդեպ։
«Ի վերջո, երբեք չես իմանա, թե ինչ կլինի․ ամեն ինչ փոխվում է, դա կարող է տեղի ունենալ նաև այստեղ։ Ֆուտբոլը կախված է հաղթանակներից, իսկ մեծ ակումբներում՝ առավել ևս։ Այն զգացողությունը, որ ունեցել եմ այստեղ գտնվելու հենց առաջին ժամերից, շատ հստակ էր՝ միասին աշխատելու զգացողությունը։ Հիմա մենք ընտանիքի ենք նման․ նախագահն ասաց դա։ Ոչ միայն ֆուտբոլիստները, այլև անձնակազմը, ակումբը, ղեկավարները, Դեկուն, հայրերը, մայրերը, եղբայրները, քույրերը… մենք մեկ մեծ ընտանիք ենք, և ես շատ եմ գնահատում այն, ինչ մենք կառուցել ենք։ Արաբիայում ես դա զգացի, և այս իրավիճակը շատ լավ է։ Ես մեծապես արժևորում եմ այս մշակույթը»։
Արդյո՞ք անարդար է, որ մարզիչները միշտ քավության նոխազ են դառնում։
«Դա ֆուտբոլի մի մասն է, և մենք չենք կարող փոխել դա։ Ակումբը պետք է հավատա քեզ, և թիմը նույնպես։ Նրանք, ովքեր որոշումներ են կայացնում, պետք է անեն դա, և Ռեալ Մադրիդը վարվեց այդպես, բայց դա իմ գործը չէ։ Մարզչի աշխատանքը շատ բարդ է, մենք ունենք մեծ պատասխանատվություն, բայց, ի վերջո, դա մեր գործի մասն է, և մենք պետք է ապրենք դրա հետ»։
Կանսելուն կարո՞ղ է ընդգրկվել հայտացուցակում։
«Կարծում եմ՝ նա կարող է մի քանի րոպե խաղալ Սանտանդերում․ մեր մտքում կա նրան մի քանի րոպե տալու տարբերակը»։
Բացառո՞ւմ եք տեր Շտեգենի մասնակցությունը մեկնարկային կազմում։
«Դա կորոշենք վաղը։ Այս պահին ավելացնելու ոչինչ չկա»։
Ձեզ փողոցում կանգնեցնո՞ւմ են շնորհավորելու համար։
«Մենք հաղթել ենք հինգ Կլասիկո։ Պետք է վայելել այս իրավիճակները, որովհետև ամեն ինչ շատ արագ է փոխվում, և ես շատ գոհ եմ, թե ինչպես են ընթանում գործերը։ Բարսելոնայում մարդիկ շատ բարի են իմ և իմ թիմի հանդեպ, և ինձ դուր է գալիս դա զգալ։ Ահա թե ինչու ենք մենք ամեն օր այդքան քրտնաջան աշխատում։ Մենք նվաճեցինք առաջին տիտղոսը, բայց դրա համար շատ ենք չարչարվել, և հիմա պետք է մտածենք հաջորդի մասին։ Վաղը կարևոր հանդիպում է սպասվում մի մրցակցի դեմ, որը հաղթել է Վիլյառեալին, իսկ վերջինս մեր լիգայում երրորդն է։ Երբ Բարսայի խաղացող ես, պետք է խաղադաշտում տաս քո առավելագույնը»։
Աններելի սխալներ թույլ տրվեցի՞ն եզրափակչի վերջին րոպեներին՝ Ռեալ Մադրիդին հնարավորություններ տալով։
«Ժոան Գարսիայի՝ դարպասում լինելու պարագայում ես երջանիկ եմ ու հանգիստ։ Մենք կարողացանք փրկել իրավիճակը։ Մենք տեսանք բարձր որակի եզրափակիչ՝ թե՛ մեր, թե՛ Ռեալ Մադրիդի կատարմամբ։ Մեկ խաղացող պակաս ունենալով՝ հեշտ չէ նրանց դեմ խաղալը։ Մենք շատ ուրախ ենք, որ նրանց երրորդ գոլը չստացվեց։ Մենք թիկունքում ունենք դարպասապահ, ով շատ լավ հանդես եկավ։ Մենք հաղթեցինք 3:2 հաշվով, և ես շատ գոհ եմ տեսածիցս»։
Արաուխոն կարո՞ղ է խաղաժամանակ ստանալ։
«Դեռ չենք որոշել՝ նա վաղը կարող է խաղալ մի քանի րոպե, թե ոչ։ Մեզ մեկ օր է մնացել, որոշ խաղացողներ հոգնած են, ուստի ունենք 24 ժամ մտածելու և վերջնական որոշում կայացնելու համար։ Բայց նա մարզվում է և կարող է խաղալ մի քանի րոպե․ դա խնդիր չի լինի»։
Ի՞նչ տեղեկություններ ունեք Արբելոայի մասին։
«Չգիտեմ։ Երբ խաղանք նրանց դեմ, կտեսնեմ։ Այդ դեպքում ժամանակ կունենամ ուսումնասիրելու»։
Աղբյուր՝ AS։
