
«Դա ամենահիշարժան խաղն էր իմ կարիերայում»,- Բարսայի լեգենդը խոսել է Էլ Կլասսիկոյի մասին
Բարսելոնայի լեգենդար հարձակվող Դավիդ Վիլյան «Mario’s Path» փոդքաստում հիշել է իր կարիերայի ամենահիշարժան խաղերից մեկը՝ 2010-ի 5-0 հաղթանակը Ռեալ Մադրիդի նկատմամբ։ Վիլյայի՝ Բարսելոնայում անցկացրած տարիներին թիմը բախվում էր Ժոզե Մոուրինյոյի ղեկավարած Ռեալին․ վերջինս անգամ հայտարարել էր․ «Բարսան հսկայական գումար է ծախսել հարձակվողի վրա, որը չի կարող գոլ խփել»։
«Այդ խոսքերը ինձ խթան էին, գիտեի, որ լավ եմ խաղալու։ Չէի սպասում, որ երկու գոլ կխփեմ ու կհաղթենք 5-0։ Դա ամենահիշարժան խաղն էր իմ կարիերայում․ դրանից լավը չի լինում», — հիշել է Վիլյան։
Խոսելով իր սիրելի Բարսելոնայի խաղացողների մասին՝ Վիլյան նշել է․ «Առաջինը՝ Մեսսին, հետո Ինիեստան ու Խավին, Ռոնալդինյոն, իսկ հինգերորդը՝ Լուիս Էնրիկեն, ով իմ կուռքն է։ Նրա պայքարող ոգին ինձ միշտ է դուր եկել։ Թեև տարբեր ֆուտբոլիստներ էինք, ես միշտ ցանկացել եմ նման լինել նրան», — ասել է նա։
Անդրադառնալով «Նեգրեյրայի գործին»՝ Վիլյան նշել է․ «Այդ մասին ոչինչ չգիտեի։ Միշտ պաշտպանել եմ մրցավարներին․ նրանք մարդիկ են և կարող են սխալվել, ինչպես ես եմ երբեմն 11-մետրանոցից վրիպում։ Պետք է հասկանալ, որ Բարսային կամ Ռեալին տրված 11-մետրանոցը նույնը չէ, ինչ մյուս ակումբների դեպքում»։
Վիլյան նաև խոսել է Ատլետիկո Մադրիդ տեղափոխության մասին, ինչը տեղի ունեցավ վնասվածքներից հետո, երբ նրա դերը Բարսելոնայում նվազել էր։ Նա հիշել է Դիեգո Սիմեոնեի հետ աշխատելու փորձը՝ նշելով․ «Նա ֆուտբոլիստներից ամբողջ ուժը քամում է՝ ինչպես նարնջից հյութը։ Ամենադժվարը նրա նախամրցաշրջանի պատրաստությունն է․ ինձ համար դա շատ բարդ էր», — եզրափակել է Վիլյան։
Աղբյուր՝ SPORT