ad-banner-1

Կիսապաշտպան, որի խաղն անգամ լեգենդներին է հիացնում

Աշխարհի ուժեղագույն կիսապաշտպաններից մեկը շարունակում է իր խաղով հիացնել հազարավոր ֆուտբոլասերների։ Յուրաքանչյուր հանդիպում Պեդրի Գոնսալեսի համար դառնում է նոր բեմ՝ ցուցադրելու իր վարպետությունը և հավելելու փառքի ևս մեկ էջ իր կարիերային։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Թեպետ նա ընդամենը 22 տարեկան է, վաղուց արդեն տեղ ունի ֆուտբոլային էլիտայում՝ ստիպելով երկրպագուներին որոնել ամենահամապատասխան բնորոշումը նրա խաղաոճի համար։

Վերջին շրջանում իսպանացի կիսապաշտպանի նկատմամբ հիացմունքի նոր ալիք է բարձրացել։ Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը, դիտելով Պեդրիի փայլուն ելույթը Իսպանիայի հավաքականի կազմում, նշել է, որ ֆուտբոլիստը աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է՝ շնորհիվ իր բացառիկ ինտելեկտուալ խաղաոճի և թիմային մտածողության։

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ևս իր հիացմունքն է արտահայտել՝ ընդգծելով Պեդրիի կախարդական ոճը, որը նրան համեմատելի է դարձնում Հարրի Փոթերի հետ՝ իր «կախարդական փայտիկով»։

Իսկ Մադրիդի Ռեալի նախկին աստղ Թոնի Կրոսը համոզված է, որ Պեդրին ներկայումս լավագույնն է իր դիրքում՝ նշելով, որ նրա բացակայությունը ցանկացած թիմում անմիջապես կզգացվի։ Կրոսի կարծիքով՝ Պեդրին եզակի կարողություն ունի փոքր տարածություններում խաղը կառավարելու և ցանկացած պահի լուծում գտնելու հարցում։

Նույն կարծիքին է նաև անգլիական ֆուտբոլի լեգենդ Ուեյն Ռունին, որը նշել է, որ Պեդրին վերահսկում է խաղի տեմպը նույն հանգստությամբ ու տեսլականով, որով ժամանակին տպավորում էր Անդրես Ինիեստան։

Փոլ Սքոուլզը, Մանչեսթեր Յունայթեդի նախկին կիսապաշտպանը, նրան համարում է եզակի ֆուտբոլիստ, որի մեջ միաձուլվում են Չավիի և Ինիեստայի լավագույն հատկանիշները՝ ոչ թե միայն տեխնիկայով, այլ նախևառաջ՝ մտածողությամբ։

Պեդրիի խաղը գնահատել են նաև այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Սանտի Կասոռլան, Ռոնալդ Կումանը, Ռուդ Գուլիտը և Թիերի Անրին։ Նրանք բոլորը մեկ ընդհանուր եզրահանգման են եկել՝ Պեդրին ֆուտբոլի արվեստ է ներկայացնում։ Գուլիտի խոսքով՝ նա խաղում է վետերանի հասունությամբ, իսկ Կումանի կարծիքով՝ Պեդրին լավագույն կիսապաշտպանն է, որը մնում է համեստ և հավատարիմ իր արմատներին։

Անդրես Ինիեստան, ում Պեդրին մշտապես համարում է իր օրինակն ու ոգեշնչման աղբյուրը, խոստովանել է, որ նման համեմատությունները հաճելի են և միաժամանակ պարտավորեցնող։

Պեդրիի ճանապարհը, սակայն, սկսվել է շատ ավելի վաղ։ 2019-ին Լաս Պալմասի նախկին մարզիչ Պեպե Մելը, տեսնելով երիտասարդ ֆուտբոլիստին մարզումների ժամանակ, առաջիններից էր, ով կանխատեսեց նրա ապագա հաջողությունը՝ ասելով. «Նայեք, նա իսկական ադամանդ է, պարզապես նա դեռ չգիտի»։

Այսօր այդ խոսքերը կատարյալ իրականություն են դարձել։ Պեդրին ոչ միայն Բարսելոնայի և Իսպանիայի հավաքականի առանցքային խաղացողներից է, այլև՝ մի անուն, որի շուրջ համախմբվում է ֆուտբոլային աշխարհի հիացմունքը։

Liana

Հեղինակ՝ Liana