ad-banner-1
Yerevan Barcelonista (Երևան Բարսելոնիստա) fan club logo displayed.

Բարսելոնա – Վիլյառեալ հանդիպումը ՉԻ անցկացվի Իսպանիայում

Լա Լիգայի պաշտոնական հայտարարությամբ՝ Լա Լիգա EA SPORTS-ի 17-րդ տուրի Վիլյառեալ–Բարսելոնա հանդիպումը կկայանա 2025 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի «Հարդ Ռոք» ստադիոնում։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը այս որոշումը գնահատել է որպես պատմական քայլ՝ ընդգծելով, որ այն ուղղված է իսպանական ֆուտբոլը նոր մակարդակի բարձրացնելուն․

«Այս խաղը պատմական քայլ է, որը Լա Լիգային և իսպանական ֆուտբոլը տանում է բոլորովին նոր մակարդակի։ Մենք հասկանում և հարգում ենք այս որոշման հետ կապված մտահոգությունները, բայց կարևոր է այն դիտարկել համատեքստում․ սա մեկ խաղ է այն 380-ից, որից կազմված է մրցաշրջանը։ Լա Լիգան միլիոնավոր երկրպագուներ ունի ամբողջ աշխարհում, և նրանք նույնպես արժանի են առնվազն մեկ անգամ իրենց սիրելի թիմերին դաշտում տեսնելու հնարավորությանը։ Այս հանդիպումը մեր ֆուտբոլն այդ երկրպագուներին մոտեցնելու մասին է՝ առանց նվազեցնելու մեր պարտավորությունը նրանց նկատմամբ, ովքեր շաբաթ առ շաբաթ վայելում են այն Իսպանիայի մարզադաշտերում»։

Վիլյառեալի նախագահ Ֆերնանդո Ռոյգը նշել է, որ խաղի անցկացումը ԱՄՆ-ում բացառիկ հնարավորություն է ակումբի զարգացման և նոր շուկաներ գրավելու համար․

«Սա յուրահատուկ հնարավորություն է Վիլյառեալի համար՝ էլ ավելի ընդլայնելու իր աճը և ամրապնդելու ներկայությունը ԱՄՆ-ի պես նշանակալի շուկայում։ Այս նախաձեռնությամբ մենք կարող ենք հասնել աշխարհի այլ հատվածների երկրպագուներին և շարունակել ընդլայնել թե՛ ակումբի, թե՛ Լա Լիգայի ապրանքանիշը։ Մենք գիտենք, որ այս խաղի՝ հեռվում կայանալը կազդի մեր տոմսերի սեզոնային բաժանորդների վրա, այդ իսկ պատճառով ներդնում ենք էական փոխհատուցման միջոցներ։ Մենք վստահ ենք, որ դա հիանալի փորձ կլինի»։

Իսկ Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան ընդգծել է, որ այս հանդիպումը նոր հնարավորություն է ամրապնդելու կապը ԱՄՆ-ի երկրպագուների հետ․

«Մենք անհամբերությամբ ենք սպասում ԱՄՆ-ի մեր բոլոր երկրպագուների հետ կապը վերականգնելուն և շնորհակալ ենք Լա Լիգային՝ ակումբի առանցքային ռազմավարական շուկաներից մեկին մոտենալու հնարավորության համար։ Մայամին ունի ուժեղ Բարսայի համայնք, և պաշտոնական խաղը այնտեղ անկասկած կլինի հիանալի տեսարան, որտեղ կմրցեն բարձրակարգ երկու թիմեր»։

Այսպիսով, Մայամին դառնում է առաջին քաղաքը, որտեղ կկայանա Լա Լիգայի պաշտոնական հանդիպում՝ Իսպանիայից դուրս, ինչը կարող է նախադեպ ստեղծել իսպանական առաջնության ապագա միջազգային ընդլայնման համար։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։