ad-banner-1
Ինյակի Պենյա-Բարսա-Բարսելոնա

Ինյակի Պենյայի խոստովանությունը

Բարսելոնայում վարձավճարով հանդես եկող դարպասապահը վերջապես խոստովանել է, թե ինչու որոշեց հեռանալ Բլաուգրանայից և տեղափոխվել Էլչե։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Հարկ է նշել, որ օգոստոսին Բարսելոնայի հետ երեք տարվա պայմանագիր կնքելուց հետո 26-ամյա ֆուտբոլիստը նախապատվություն է տվել այլ ակումբ տեղափոխվելուն՝ առաջնահերթ համարելով իր անձնական բարեկեցությունն ու կարիերայի աճը։

Պենյան Էլչեում պաշտոնական ներկայացման ժամանակ նշել է, որ տեղափոխությունը պայմանավորված է նախորդ դժվարին մրցաշրջանից հետո՝ որպես ֆուտբոլիստ իր կայունությունը վերականգնելու ցանկությամբ։

«Ես անցկացրի 25 կամ 26 հանդիպում, բայց վերջին մի քանի ամիսներին խաղաժամանակ չունենալուց հետո մնում ես դառը զգացումով», – ընդգծել է դարպասապահը (մեջբերումը՝ AS-ի)։

Նրա խոսքով՝ Էլչեի մոտեցումը մեծ դեր է խաղացել ընտրության հարցում․ «Որոշում կայացնելուց առաջ կշռադատել եմ բոլոր դրական և բացասական կողմերը»։

«Ես վերադառնում եմ տուն։ Ես Ալիկանտեից եմ, իմ հարազատներն այստեղ են, և կինս ևս այստեղից է։ Իսկ հետո՝ մարզչի մոտեցումը։ Աշխատել եմ նրա հետ, և այժմ ստեղծված են լավագույն պայմանները, որպեսզի ես 100 տոկոսով վերականգնվեմ կամ գոնե մոտ լինեմ իմ լավագույն մարզավիճակին», – հավելել է Պենյան։

Նա անդրադարձել է նաև այն խոսակցություններին, թե Բարսելոնայում Մարկ-Անդրե տեր Շտեգենի և Ժոան Գարսիայի վնասվածքները կարող էին իրեն ավելի շատ խաղալու հնարավորություն տալ։

«Կարող էի ևս մի քանի խաղ խաղալ, բայց արդեն որոշումս կայացրել էի։ Ակումբն ինձ խնդրեց սպասել, մինչև նրանք գրանցեին դարպասապահներին, և ես, բնականաբար, պատրաստ էի հեշտացնել գործընթացը, քանի որ պայմանագիր ունեի», – նշել է դարպասապահը։

Պենյայի համոզմամբ՝ Էլչե տեղափոխվելը պարզապես կարճաժամկետ ծրագիր կամ դեպի Բարսելոնա վերադարձի ուղի չէ։

«Ինձ փոփոխություն և նոր մոտիվացիա էր պետք։ Անհրաժեշտ էր հնարավորինս շատ խաղեր անցկացնել և ձեռք բերել կայունություն, ինչը պակասել էր այս վերջին տարիներին, որպեսզի ես կարողանամ վերելք ունենալ», – ընդգծել է նա։

Հատկանշական է, որ Պենյան արդեն հասցրել է հանդես գալ Էլչեի կազմում այս մրցաշրջանի երկու հանդիպումներում՝ ցուցադրելով կանոնավոր խաղաժամանակ ապահովելու իր վճռականությունը։

Liana

Հեղինակ՝ Liana