
Պաշտոնական հայտարարություն | FCBarca.am
Ուրախ ենք տեղեկացնել, որ ամիսների երկարատև աշխատանքի և Բարսելոնա ՖԱ-ի հետ սերտ համագործակցության արդյունքում այսօր կատալոնական ակումբի տնօրենների խորհուրդը հերթական նիստի ժամանակ հաստատել է Հայաստանում Բարսելոնայի պաշտոնական ֆան ակումբի՝ Երևան Բարսելոնիստայի գրանցումը։
Այդ մասին Բարսան լուր է հրապարակել իր պաշտոնական կայքում։
FCBarca.am կայքի հիմնադիրները մայիսի 19-ից սկսել էին թղթաբանական ժամանակատար գործընթացը ՖԱ Բարսելոնայի հետ Հայաստանում ֆան ակումբի պաշտոնական կարգավիճակ ստանալու համար, որը վերջապես պսակվեց հաջողությամբ։
Այս երկար սպասված, բացառիկ իրադարձությունը վերջին շրջանում երկրպագուների կողմից մեծ հետաքրքրության և ներգրավվածության արդյունքն է։ Երևան Բարսելոնիստան հիմնադրվել է սիրելի ֆուտբոլային ակումբի հայ երկրպագուներին միավորելու գլխավոր նպատակի շուրջ։
Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում կա Բարսելոնայի մոտ 200,000 երկրպագու, որոնք այսուհետ հնարավորություն կունենան համախմբվել մեկ հարկի տակ, ճանաչել միմյանց, անցկացնել լավ ժամանակ, և, իհարկե, միասին երկրպագել սիրելի թիմին։
Տեղեկացնում ենք, որ ֆան ակումբը կունենա տարեկան անդամագրության փաթեթ, որի շրջանակում ամեն տարի երկրպագուները կստանան պաշտոնական ֆան ակումբի քարտ՝ ուղարկված անմիջապես Բարսելոնայից, որը կներառի բազմաթիվ առավելություններ հենց Բարսելոնայում, հայաստանյան ֆան ակումբում, ինչպես նաև Հայաստանում ֆան ակումբի գործընկեր կազմակերպություններից օգտվելու համար։
Տարեկան անդամագրության գործընթացը կսկսի նոյեմբերին, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք fcbarca.am կայքի և սոցիալական ցանցերում մեր ունեցած հարթակների միջոցով։