
Ժոան Գարսիայի ուղերձը երկրպագուներին
Բարսելոնայի դարպասապահ Ժոան Գարսիան առաջին հրապարակային հայտարարությունն է արել ձախ ծնկի ներքին մենիսկի վնասվածքի հետևանքով վիրահատությունից հետո։ Նա հիվանդանոցից լուսանկար է հրապարակել Պեդրիի և Դանի Օլմոյի հետ։
Գարսիան վնասվածքը ստացել էր անցյալ հինգշաբթի՝ Ռեալ Օվիեդոյի դեմ խաղում։ Խնդիրը ստիպեց ֆուտբոլիստին շաբաթ օրը ենթարկվել արթրոսկոպիկ վիրահատության։ Ըստ բժիշկների գնահատականի՝ նա խաղադաշտից դուրս կլինի 4-6 շաբաթ։
Վիրահատությունն իրականացրել է բժիշկ Ժոան Կարլես Մոնյաուն՝ Բարսելոնայի առաջին թիմի բժշկական ղեկավար Ռիկարդ Պրունայի աջակցությամբ։ Վերականգնման ժամկետը մնում է նույնը, ինչ նախնական կանխատեսումները։
Ժոան Գարսիայի ուղերձը
Կիրակի օրը Գարսիան Instagram-ի իր էջում հրապարակել է առաջին ուղերձը երկրպագուներին․
«Ամեն ինչ լավ անցավ, կուլերս։ Անհամբեր սպասում եմ վերադարձիս։ Շնորհակալ եմ բոլորի աջակցության ու հաղորդագրությունների համար»։
Լուսանկարում Գարսիան հիվանդանոցում է՝ Պեդրիի և Դանի Օլմոյի հետ, ովքեր այցելել էին նրան շաբաթ օրը։ Դարպասապահին այցելել էին նաև նրա գործակալ Խուանմա Լոպեսը, Խուանմա Լոպես կրտսերը և Այտոր Բանդան՝ Niagara գործակալությունից, որը ներկայացնում է նաև Օլմոյին։
Բարսելոնայում հույս ունեն, որ Գարսիան կկարողանա վերադառնալ մինչև 2025/26 մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոն, որը նախատեսված է հոկտեմբերի 26-ին Սանտիագո Բեռնաբեուում։