
ՊՍԺ-ն կորցրեց առանցքային ֆուտբոլիստի Բարսա-ՊՍԺ խաղից առաջ
Մեկ շաբաթից քիչ է մնացել Բարսա-ՊՍԺ դիմակայությանը։
Բլաուգրանան հյուրընկալելու է Ֆրանսիայի և Եվրոպայի չեմպիոնին հոկտեմբերի 1-ին Էստադի Օլիմպիկ Լուիս Կոմպանիս մարզադաշտում։ Սակայն երկու թիմերն էլ վնասվածքների խնդիրներ ունեն խաղից առաջ, իսկ փարիզցիները հաստատել են ևս մեկ կարևոր բացակայություն։
Մարկինյոսը չի խաղա Բարսայի դեմ
ՊՍԺ-ն ուրբաթ առավոտյան, Օսերի դեմ Լիգա 1-ի խաղից առաջ, հաստատեց, որ թիմի ավագ Մարկինյոսը բաց կթողնի Բարսելոնայի դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպումը։ Կենտրոնական պաշտպանը դժվարությամբ է խաղացել երկուշաբթի օրը Մարսելում կայացած «Կլասիկոյում», սակայն հետագա հետազոտությունները ցույց են տվել մկանային վնասվածք, որի պատճառով նա բաց կթողնի «մոտակա շաբաթները», ասվում է ակումբի հայտարարության մեջ։
Դա զգալի հարված է Լուիս Էնրիկեի համար, ով կորցնում է իր ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկին։
Մարկինյոսի բացակայությանը գումարվում է Ուսման Դեմբելեի բացակայությունը, որը դժվար թե վերադառնա խաղադաշտ մինչև հոկտեմբերյան միջազգային դադար։
2025 թվականի Ոսկե գնդակի դափնեկիրը այս ամսվա սկզբին Ֆրանսիայի հավաքականի կազմում վնասվածք էր ստացել, և անհնարին է թվում, որ նա պատրաստ կլինի մինչև իր նախկին ակումբի հետ կայանալիք հանդիպումը։
Միևնույն ժամանակ, Դեմբելեի հարձակման գործընկեր Դեզիրե Դուեն, թվում է, նույնպես բաց կթողնի Բարսա-ՊՍԺ հանդիպումը, քանի որ դեռ չի վերադարձել թիմի հետ լիարժեք մարզումներին։
ՊՍԺ-ի մարզիչ Էնրիկեն չի ցանկանում ռիսկի դիմել վինգերի հետ, ով անցած մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստն էր։
Կասկածներ կան նաև Ժոաո Նևեշի շուրջ, ով վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Ատալանտայի դեմ խաղում և բաց է թողել Մարսելի դեմ հանդիպումը։
Փարիզյան հսկաները լռում են պորտուգալացի ֆուտբոլիստի վիճակի մասին, սակայն նա դուրս չի մնացել Բարսելոնա մեկնողների կազմից։
Աղբյուր՝ AS