
Թենիսի լեգենդը խոսել է Յամալի մասին
Բարսելոնայի երիտասարդ աստղ Լամին Յամալը համարվում է ֆուտբոլի պատմության ամենատաղանդավոր պատանիներից մեկը։ Մոտ 17 տարեկանում նա հայտնվեց «Ոսկե գնդակի» լավագույն տասնյակում, իսկ մեկ տարի անց գրավեց երկրորդ տեղը՝ մոտենալով աշխարհի լավագույն խաղացողի կոչմանը։
Յամալի հաջողությունը համեմատվեց նախկին թենիսիստ Բորիս Բեքերի կարիերայի մեկնարկի հետ։ Վիմբլդոնի եռակի չեմպիոն Բեքերը, որը ևս 17 տարեկանում հասավ մեծ բեմի, իր հարցազրույցում անդրադարձել է Յամալի առաջընթացին։
«Լամինը հիանալի է, հաղթում է ամեն ինչում։ Նա աշխարհի լավագույն երիտասարդ խաղացողն է։ Դա հիշեցնում է ինձ իմ 17 տարեկանում։ Բայց նրա շուրջ արդեն հնչում են ահազանգեր», — նշել է Բեքերը։
Լեգենդար մարզիկը շեշտել է, որ Յամալին պետք է զգուշանալ փառքի գայթակղություններից․ «Նրա դեպքում ռիսկը շատ մեծ է։ Նա համեստ ընտանիքից է գալիս, հիմա հարուստ է, և շատերը նրան կմոտենան շահադիտական նպատակներով։ Նա արդեն կորցրել է իր անձնական կյանքը»։
Բեքերը խորհուրդ է տվել Յամալին վստահելի մարդկանցով շրջապատվել․ «Քո կողքին պետք է լինեն երկու-երեք լուրջ մարդիկ։ Ընտրիր ընկերներիդ, վստահիր ընտանիքիդ և կառուցիր ապահով ցանց»։
Վերջում Բեքերը հիշել է իր երիտասարդ տարիները․ «Երբ 17 տարեկանում հաղթեցի Վիմբլդոնը, դեռ երեխա էի։ Ամեն քայլից հետո առաջին էջերն ինձնով էին լցվում։ Այժմ ուրախ եմ, որ երեք Վիմբլդոնի չեմպիոնություն ունեմ, բայց գուցե այդ տարիքում ես չափազանց երիտասարդ էի նման բեռի համար»։