
Ֆլիկը խոսել է Գավիի, Ռեալ Մադրիդի և «Ոսկե գնդակի» խայտառակ հորիզոնականների մասին
Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հանդիպեց լրագրողների հետ և կիսվեց իր սպասումներով Օվիեդոյի դեմ խաղից առաջ։ Մարզիչը շեշտեց, որ իրեն ավելի շատ հետաքրքրում է ոչ թե մրցակցի ոճը, այլ իր թիմի ինտենսիվությունն ու վստահությունը։
Ֆլիկի խոսքով, վերջին երեք խաղերում Բարսելոնան ցույց է տվել բարձր որակ, և կարևոր է նույն ոգով շարունակել։ Մարզիչը չթաքցրեց, որ Գավիի վնասվածքի լուրը ծանր հարված էր, սակայն նշեց՝ անձամբ ֆուտբոլիստի համար դա կարող է նույնիսկ դրական շրջադարձ լինել։ Նա ընդգծեց, որ Գավին դեռ 21 տարեկան է, առջևում մեծ ապագա ունի, և հիմա ամենակարևորն այն է, որ նա վերադառնա լիարժեք մարզավիճակին։ Ֆլիկի համոզմամբ, Գավին ունի հսկայական սիրտ ու էմոցիաներ․ «Նա ապրում է այս ակումբի համար, և թիմը կօգնի նրան անցնել այս բարդ շրջանը»։
Ֆլիկը լրագրողներին պատմեց, որ մեկ օր առաջ զրուցել է Լամինի հետ։ Խաղացողը լավ է և մոտիվացված։ Թեև «Ոսկե գնդակը» այս անգամ նրան բաժին չհասավ, բայց մարզիչը վստահ է, որ դա միայն ավելի մեծ խթան կլինի ապագայի համար․ «Հնարավոր է, որ հաջորդ մրցաշրջանում նա նորից լինի այդ մրցանակի թեկնածուների ցանկում։»։ Ինչ վերաբերում է վերականգնմանը՝ Լամինը արդեն երկու օր է մարզվում է թիմի հետ, և ամեն ինչ դրական է թվում։
Հատուկ ուշադրության արժանացավ նաև Պեդրին։ Թեև նրա «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությանը զբաղեցրած տեղը զարմացրեց շատերին, Ֆլիկը նշեց, որ կարևոր չէ, թե ինչ տեղում է նա ցուցակում․ ավելի արժեքավոր է այն, որ ֆուտբոլային լեգենդները, ինչպիսին է Փոլ Սքոուլզը, գովասանքով են խոսում նրա մասին։ Ֆլիկի գնահատմամբ՝ թե՛ Պեդրին, թե՛ Ֆրենկի դե Յոնգը ֆանտաստիկ մակարդակի վրա են․ նրանք մարզումների ընթացքում ցուցադրում են բարձր որակ և ստեղծում են հիանալի մթնոլորտ թիմում։
Ֆլիկը հաստատեց, որ Բալդեն չի խաղա Օվիեդոյի դեմ, սակայն ակնկալվում է նրա վերադարձը Ռեալ Սոսիեդադի դեմ հանդիպմանը։ Ինչ վերաբերում է երիտասարդ Բերնալին՝ մարզիչը նշեց, որ նա շատ լավ է մարզվում և շուտով կստանա խաղաժամանակ։
Անդրադառնալով մրցակիցներին՝ Ֆլիկը նշեց, որ Ռեալը լավ մեկնարկեց մրցաշրջանը, սակայն շեշտեց․ «Մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա, ոչ թե նրանց»։
Քաղաքային խորհուրդը թույլ չի տվել օգտագործել Կամպ Նոուն, և թիմը ստիպված է շարունակել խաղալ Մոնժուիկում։ Ֆլիկը նշեց, որ դրա մեջ խնդիր չի տեսնում․ կարևորը թիմի մակարդակն է, ոչ թե խաղադաշտը։
Ֆլիկը խոստովանեց, որ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության նման միջոցառումները շատ չի սիրում, բայց դրանք աշխատանքի մի մասն են։ Նրա համար հաճելի էր այնտեղ լսել, որ մեծ ֆուտբոլային դեմքերը հավանում են Բարսելոնայի խաղը․ «Ես հպարտ եմ իմ թիմով։ Կարևոր է հավատալ քո խաղացողներին»։
Ամփոփելով մամուլի ասուլիսը՝ Ֆլիկը խոսեց նաև Կուբարսիի մասին։ Նրա խոսքով՝ խաղացողը հարմարվում է թե՛ աջում, թե՛ ձախում, և մարզիչը օգտագործում է նրան այնպես, ինչպես անհրաժեշտ է թիմին․ «Նա մեծ առաջընթաց է գրանցել և հրաշալի է հաղթահարում իր առաջադրանքները»։