
Տուխելը խոսել է Ռեշֆորդի խնդիրների մասին
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Մարկուս Ռեշֆորդի խաղն Անդորրայի դեմ խաղից հետո։ Մանչեսթեր Յունայթեդի հարձակվողը, որն ամառն անցկացրել էր նոր մարտահրավերներ փնտրելով, վարձակալության իրավունքով տեղափոխվել է Բարսելոնա։ Սակայն Կատալոնիայում նրա մեկնարկն անհաջող է ստացվել. 27-ամյա խաղացողը առաջնության երեք խաղերից միայն մեկում է մեկնարկային կազմում եղել և Լևանտեի դեմ հանդիպման ընդմիջմանը փոխարինվել է։
«Ես համաձայն եմ, որ նա մի փոքր դժվարություն ունի Անգլիայի հավաքականի մարզաշապիկով «վաու» էֆեկտ ստեղծելու հետ կապված, բայց քանի դեռ նա մարզվում է ճիշտ տրամադրվածությամբ և ժպիտով, մենք կշարունակենք վստահել նրան, աջակցել և օգնել»,- Տուխելի խոսքերը մեջբերում է Kicker-ը։
Իսպանական մամուլն արդեն ակնարկում է, որ Բարսելոնան կարող է քննարկել վարձակալության վաղաժամկետ դադարեցումը, եթե իրավիճակը չփոխվի։ Ռեշֆորդը դեռ չի աչքի ընկել արդյունավետ գործողություններով և ինքն էլ խոստովանել է, որ հարմարվելը դժվար է։
«Այստեղ ինտենսիվությունը շատ բարձր է։ Նախամրցաշրջանը հյուծիչ էր, յուրաքանչյուր մարզում ինձ համար ավարտվում էր լիակատար հոգնածությամբ։ Դա ոչ միայն վազք է, այլև գնդակի հետ աշխատանքը մշտական մակարդակով։ Հենց դա է ամենաշատ ջանք պահանջում»,- Ռեշֆորդի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Չնայած քննադատություններին՝ Տուխելը շարունակում է հույս դնել հարձակվողի վրա։ Ռեշֆորդը մեկնարկային կազմում էր Անդորրայի դեմ խաղում և հույս ունի ավելի շատ րոպեներ ստանալ Սերբիայի դեմ առաջիկա հանդիպմանը։ Միջազգային ընդմիջումից հետո նրան նոր փորձություններ են սպասվում Բարսելոնայի կազմում։
Արդեն հաջորդ շաբաթ կատալոնացիները կխաղան Վալենսիայի հետ, իսկ հետո կմեկնեն Անգլիա՝ Չեմպիոնների լիգայի շրջանակում Նյուքասլի դեմ խաղի համար՝ Սենտ-Ջեյմս Պարկ մարզադաշտում։ Հենց այնտեղ Ռեշֆորդը հնարավորություն կստանա վերադառնալ իր հայրենիք և ապացուցել, որ ունակ է կրկին վճռորոշ խաղացող լինել։