ad-banner-1
Քրիստենսեն

Ի՞նչ է սպասվում Քրիստենսենին 2025/26 մրցաշրջանում

Ամռանը, երբ Բարսելոնայի սպորտային տնօրեն Դեկուն հայտարարեց, որ թիմում կենտրոնական պաշտպանների ավելցուկ կա, Անդրեաս Քրիստենսենը համարվում էր այն ֆուտբոլիստը, որը պետք է հեռանար և նոր ակումբ գտներ։ Դանիայի հավաքականի պաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվական, իսկ Բարսելոնան այն երկարաձգելու մտադրություն չուներ։ Այդ պատճառով էլ սկզբնական գաղափարը եղել է վաճառել նրան և շահույթ ստանալ մի խաղացողից, որը թիմին էր միացել Չելսիից՝ անվճար։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Սակայն Քրիստենսենը երբեք չի դիտարկել Բարսելոնայից հեռանալու տարբերակը։ Նա շարունակել է հետևողականորեն աշխատել նախամրցաշրջանի ընթացքում՝ չնայած իր ապագայի շուրջ շրջանառվող խոսակցություններին։

Քրիստենսենը կարևոր դեր է ստանալու

AS-ի հաղորդմամբ, եթե նույնիսկ ամռանը նա համարվում էր ամենահավանական հեռացողներից մեկը, այժմ Քրիստենսենը կարևոր դեր է ունենալու Հանսի Ֆլիկի թիմում։ Մարզչի համար դանիացու ներկայությունը կազմում երբեք խնդիր չի առաջացրել․ Ֆլիկը լիովին վստահում է նրան՝ բարձր գնահատելով սառնասրտությունը, խաղային որակը, փոխանցումների ճշգրտությունը, դիրքավորման հմտությունները և հրահանգներին արագ հարմարվելու կարողությունը։

Միակ մտահոգիչ հանգամանքը Քրիստենսենի կրկնվող ֆիզիկական խնդիրներն են՝ մանր վնասվածքները կամ ընդհանուր անհանգստությունը։ Անցած մրցաշրջանի գրեթե ողջ ընթացքում նա դուրս էր մնացել կազմից։

Ինյիգո Մարտինեսի անակնկալ տեղափոխությունը Ալ-Նասր էլ ավելի մեծացրեց Քրիստենսենի նշանակությունը։ Թեև «թղթի վրա» նա առաջին ընտրությունը չէ, արդեն հասցրել է անցկացնել 104 րոպե առաջին երեք խաղերում։ Մալյորկայի դեմ նա չմասնակցեց, Լևանտեի հետ խաղում դուրս եկավ վերջին 15 րոպեում, իսկ Ռայո Վալյեկանոյի դեմ Էրիկ Գարսիայի հետ կազմեց կենտրոնական պաշտպանության զույգ և անցկացրեց ամբողջական հանդիպում՝ դառնալով այն քիչ պաշտպաններից մեկն, ով գովեստի խոսքերի արժանացավ։

Այսպիսով, առաջիկայում Քրիստենսենը կարծես ապահովված կլինի պարբերական խաղաժամանակով՝ Ֆլիկի և նրա մարզչական շտաբի վստահության շնորհիվ։ Նրանք նպատակ ունեն թիմում ավելի մեծ մրցակցություն և ռոտացիա ապահովել, քան անցած մրցաշրջանում։

Այնուամենայնիվ, Բարսելոնան դեռևս վերջնական որոշում չի կայացրել Քրիստենսենի պայմանագրի հարցում։ Չի բացառվում, որ նրան առաջարկվի նոր պայմանագիր, սակայն այս պահին հարցը օրակարգում չէ։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել