
«Էգոները կործանում են հաջողությունը»,-Հանսի Ֆլիկ
Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը արդեն ցույց է տվել, որ չի վախենում իր կարծիքն արտահայտել։
Ռայո Վալյեկանոյի հետ 1-1 հաշվով հիասթափեցնող ոչ-ոքիից հետո Ֆլիկը հնչեցրեց խիստ հայտարարություն․
«Էգոները կործանում են հաջողությունը»։
Թեպետ ոմանք կարող են դա դիտարկել որպես անորոշ արտահայտություն, այն ավելի շուտ հիշեցում էր ուղղված հենց հանդերձարանին։
Չնայած նրան, որ Բարսելոնան 2025/26 մրցաշրջանի Լա Լիգան սկսել է 9 հնարավոր միավորից 7-ով, թվերը ամբողջական պատկեր չեն տալիս։ Թիմը տրոհված է երևում, խաղը՝ ոչ համոզիչ, իսկ հաղթանակի համար անհրաժեշտ սովը՝ բացակայում է։
Եթե չլիներ դարպասապահ Ժոան Գարսիայի փայլուն խաղը, Ռայոյի դեմ հանդիպումը կարող էր ավարտվել պարտությամբ։ Եթե այս միտումը շարունակվի, Բարսայի մրցաշրջանը կարող է շատ ավելի արագ փլուզվել, քան սպասվում էր։
Այստեղ առաջանում է հարց․ ի՞նչ եղավ այն թիմին, որը նախորդ մրցաշրջանում նվաճեց ներքին տրիպլետ։ Պատճառները մի քանիսն են։
Պաշտպանության խնդիրներ և առաջնորդության բացակայություն

Ինյիգո Մարտինեսի հեռանալը թողեց մի բաց, որը վիճակագրությամբ հնարավոր չէ չափել։ Նա ոչ միայն վստահելի պաշտպան էր, այլև առաջնորդ, ով պահում էր պաշտպանական գիծը։
Ֆլիկի վստահությունը հիմա դրված է Ռոնալդ Արաուխոյի և Պաու Կուբարսիի վրա, բայց զույգը արդեն մեծ սխալներ է թույլ տալիս։ Թանկ արժեցող սխալները, ինչպես Լևանտեի դեմ խաղում, բացահայտեցին հաղորդակցման և իրար հասկանալու պակաս։
Ժյուլ Կունդեն, որին ժամանակին անփոխարինելի էին համարում, այժմ իր տեղը զիջել է Էրիկ Գարսիային, որը նույնպես երկրպագուների շրջանում հակասական կարծիքների է արժանանում։
Պաշտպանական կառուցվածքով նախկինում հպարտացող Բարսելոնան այժմ վստահ չէ հետագծում։ Ֆլիկի մտահոգությունը տեղին է, քանի որ թույլ պաշտպանությամբ չեմպիոնական պայքար վարել հնարավոր չէ, հատկապես այն դեպքում, երբ Ռեալ Մադրիդը արդեն թափ է հավաքում։
Ստեղծագործ խաղացողի պակաս

Եթե պաշտպանությունն անկայուն է, ապա հարձակումը՝ ակնհայտորեն հիասթափեցնող։ Ռոբերտ Լևանդովսկու բացակայության պայմաններում Բարսան ակնկալում էր, որ մյուսները կվերցնեն առաջնորդությունը։
Դեռ վաղ է վերջնական եզրակացություններ անել, բայց Ռաֆինյան դեռ չի ցուցադրել այն խաղաոճը, որով նրան Ոսկե Գնդակի հավակնորդ էին համարում։
Բացի այդ, Դանի Օլմոն և Մարկուս Ռեշֆորդը պարզապես կորել են ամենակարևոր պահերին։ Օլմոն Ռայո Վալյեկանոյի դեմ խաղում երկու հստակ հնարավորություն վատնեց, իսկ Ռեշֆորդը անկայուն է երևում թե’ կենտրոնում, թե’ եզրում։
Երկրպագուները Ռեշֆորդից սպասում էին արագություն ու գոլեր, սակայն առայժմ ստացել են միայն հիասթափություն։ Նույնը վերաբերում է Օլմոյին, ով դեռ չի արդարացրել իր նկատմամբ ցուցաբերած վստահությունը։
Սրանք այն խաղացողներն են, որոնք պետք է թիմը քաշեին իրենց վրա Լևանդովսկու բացակայության պայմաններում, սակայն սրության բացակայությունը Բարսային թողել է անզեն հարձակման մեջ։
Միջնագծի խաղացողները նույնպես չեն տպավորել։ Գավին, Մարկ Կասադոն և Ֆերմին Լոպեսը հնարավորություն ստացան դրսևորվելու, բայց չկարողացան խաղադաշտում իշխանություն հաստատել։
Ֆլիկի նախազգուշացումը անտեսել չի կարելի

Երբ Ֆլիկը ասում է․ «Էգոները կործանում են հաջողությունը», դա վերաբերում է ոչ միայն անհատական խաղին։ Խոսքը նաև վերաբերմունքի, կենտրոնացման և պատասխանատվության մասին է։ Բարսելոնայի կազմը ցրված է թվում, իսկ որոշ խաղացողներ ավելի շատ են մտածում անձնական կարգավիճակի, քան թիմային աշխատանքի մասին։
Սա վտանգավոր է ակումբի համար, որն արդեն զգացել է, թե ինչպես ինքնավստահությունը կարող է տիտղոսներ արժենալ։
Գերմանացի մարզիչը չի սխալվում, երբ հրապարակայնորեն քննադատում է իր խաղացողներին։ Վաղ փուլում Բարսայի առաջացած խնդիրները միայն տակտիկական չեն՝ դրանք նաև հոգեբանական են։
Ֆլիկը գիտի, որ երիտասարդ աստղերով և բարձրակարգ անուններով լի կազմը չի կարող իրեն թույլ տալ մոռանալ ընդհանուր նպատակը։
Այժմ Բարսելոնան քայլում է բարակ սահմանագծով։ Թեպետ երեք խաղից յոթ միավորը թղթի վրա դրական է թվում, բայց եթե խաղի որակը չբարելավվի, կորցրած միավորները կավելանան։
Ֆլիկի խոսքերը պետք է դառնան նախազգուշացում ոչ միայն խաղացողների, այլ ամբողջ ակումբի համար։ Եթե էգոները չդրվեն մի կողմ և թիմը չգտնի հավասարակշռություն պաշտպանությունում ու անողոքություն հարձակման մեջ, Բարսելոնան կարող է հետ մնալ մրցակիցներից մինչև մրցաշրջանի ավարտը։