
Բարսելոնան և Ռեալ Մադրիդը հետաքրքրված են 16-ամյա ֆուտբոլիստով
Ֆինանսական խնդիրների պատճառով Բարսելոնան վերջին շրջանում մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդ տաղանդներին, որոնցով կարող է ապահովել իր ապագան։ Այս ամառ կատալոնացիները ձեռք բերեցին Ռունի Բարդաղջիին Կոպենհագենից՝ բավականին փոքր գումարով, ինչը կարող է վերածվել խոշոր ձեռքբերման՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի բարձր որակները։
Այժմ իսպանական Fichajes-ը հայտնում է, որ Բարսելոնայի ուշադրությունը գրավել է Լեսթերի պատանի հարձակվող Ջերեմի Մոնգան։

16-ամյա խաղացողը փայլեց անցած մրցաշրջանում, երբ 15 տարեկանում դարձավ Պրեմիեր լիգայի պատմության երկրորդ ամենաերիտասարդ դեբյուտանտը։ Այս մրցաշրջանում Մոնգան արդեն տեղ ունի Լեսթերի առաջին թիմում և հանգստյան օրերին խփեց իր առաջին պաշտոնական գոլը՝ Փրեստոն Նորթ Էնդի դեմ Չեմփիոնշիփում։
Մոնգայի արագ առաջընթացը գրավել է ոչ միայն Բարսելոնայի, այլև Ռեալ Մադրիդի և մի շարք այլ ակումբների ուշադրությունը։ Ըստ աղբյուրի՝ կատալոնացիները վաղուց էին հետևում նրան, իսկ հիմա, երբ նա իր դիրքերն հաստատում է մեծահասակների կազմում, հետաքրքրությունը մեծացել է։
Հնարավոր տեղափոխության առաջին քայլը կլինի ֆուտբոլիստի շրջապատի հետ բանակցությունը։ Քանի որ Մոնգան դեռ 18 չի դարձել, Բարսան պետք է նախնական պայմանավորվածության գա և աշխատի Լեսթերի հետ՝ ապագա տեղափոխությունը ապահովելու համար։
Այդուհանդերձ, վերջնական որոշումը Լեսթեր Սիթիինն է։ Մոնգան վերջերս է կնքել իր պրոֆեսիոնալ պայմանագիրը, և չնայած նրա տրանսֆերային արժեքը բարձրանում է, անգլիական ակումբը դեռևս վերահսկում է նրա ապագան։