ad-banner-1

Տեր Շտեգենը փորձելու է վերադարձնել ավագի թևկապը

Բարսելոնան պաշտոնապես հայտնել է, որ ժամանակավորապես զրկել է Մարկ-Անդրե տեր Շտեգենին թիմի ավագի կարգավիճակից։ Ըստ տեղեկությունների՝ այս որոշման պատճառը դարպասապահի կողմից իր վերականգնման գործընթացի հետ կապված կարևոր բժշկական փաստաթուղթ չստորագրելն է։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Տեր Շտեգենի արձագանքը

Սանտի Օվալիեի փոխանցմամբ, գերմանացի դարպասապահը հիասթափված է ակումբի այս քայլից, սակայն շարունակում է նվիրված մնալ թիմին։ Նրա նպատակն է վերականգնվել 2-3 ամսվա ընթացքում և ոչ միայն պարզապես վերադառնալ խաղադաշտ, այլև վերադարձնել ավագի թևկապը։

Տեր Շտեգենը այսօր այցելել է ակումբի մարզաբազա, հանդիպել է բժիշկ Ռիկարդ Պրունայի հետ, սակայն ոչ Հանսի Ֆլիկից, ոչ սպորտային տնօրեն Դեկուից, ոչ էլ նախագահ Ժոան Լապորտայից որևէ ուղիղ հաղորդագրություն չի ստացել։ Ըստ աղբյուրների՝ նա նախընտրում էր ուղիղ խոսակցություն, այլ ոչ թե այն, ինչ համարում է «մակերեսային լռություն» կամ «սառը պատերազմ»։

Ինչո՞ւ է առաջացել տարաձայնություն

Տեր Շտեգենի վերջին վիրահատությունը կատարվել է Ֆրանսիայում՝ բժիշկ Ամելի Լեգլիզի կողմից։ Ֆուտբոլիստն իր վերականգնման ընթացքը գնահատում է 2-3 ամիս, մինչդեռ ակումբի բժիշկների գնահատմամբ այն կարող է ձգվել մինչև 4-5 ամիս։ Այս անորոշությունը հանգեցրել է ներքին լարվածության։

Տեր Շտեգենն ընտրել է նույն բժշկին, ով անցյալ տարի հաջողությամբ վիրահատել էր իրեն, և նա վերադարձավ խաղադաշտ ընդամենը 2 ամսից։ Սակայն ակումբը դա դիտարկում է որպես կրկնվող վնասվածք և պահանջում է խստորեն հետևել իր բժշկական հանձնարարականներին։

Լարվածություն Լապորտայի հետ

Ներկայումս դարպասապահը մտահոգված է նաև ակումբի ղեկավարության հետ ունեցած վատ հարաբերություններով։ Ակումբի նախագահ Ժոան Լապորտան մինչ օրս անձամբ չի խոսել նրա հետ այս հարցի շուրջ, ինչը Տեր Շտեգենը ճիշտ չէ համարում։

Դարպասապահի շրջապատը հերքում է նաև շրջանառվող լուրերը, թե նա դժգոհ է Ժոան Գարսիայի ժամանումից։ Ըստ նրանց՝ գերմանացի դարպասապահը ողջունում է մրցակցությունը, ունի լավ հարաբերություններ ինչպես Գարսիայի, այնպես էլ Վոյցեխ Շչենսնիի հետ։

Նա այս պահին կենտրոնացած է վերականգնման վրա և մտածում է՝ արդյոք անհրաժեշտ է հանրային կերպով խոսել այս իրավիճակի մասին։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել