
Պաշտոնական. Բարսելոնան ներկայացրեց երկրորդ համազգեստը
Բարսելոնան և Nike-ը համարձակ և խորհրդանշական քայլ են անում ակումբային համազգեստների աշխարհում։ 2025/26 թթ․ մրցաշրջանի երկրորդ մարզաշապիկի վրա Nike-ի «սվուշ» լոգոն կփոխարինվի «Kobe Sheath» լոգոյով՝ պատյանի մեջ դրված թրի պատկերով, որը Կոբի Բրայանտի բրենդն է։ Այս ամենը NBA-ի լեգենդի և Բարսելոնայի միջև բրենդային համագործակցության մի մասն է, որը ծնվել է մարզական գերազանցության ընդհանուր մշակույթից, որը բնութագրում էր Բրայանտին և հանդիսանում է նաև Բարսայի ԴՆԹ-ի մի մասը։ Այս նոր զարգացումն ամրապնդում է Nike-ի և Բարսայի միջև կապը և նպատակ ունի ընդլայնել «Մամբայի մտածելակերպի» ազդեցությունը և ոգեշնչել մարզիկների նոր սերունդներին ինչպես դաշտում, այնպես էլ դրանից դուրս։

Այս համագործակցությունը, որը կտևի երեք մրցաշրջան՝ մինչև 2027/28 թթ․, բացի անձնական կատարելագործման և նվիրվածության ոգին նշելուց, որը միշտ բնութագրում էր Կոբիին, նաև նպատակ ունի հիշեցնել բասկետբոլի աստղի սերը ֆուտբոլի, մասնավորապես, Բարսելոնայի ոճի և փիլիսոփայության նկատմամբ։ Բարսայի և Կոբի Բրայանտի միջև հարաբերությունները երկար պատմություն ունեն։ NBA-ի աստղը ակումբի երկրպագուն էր, և բազմիցս նրան կարելի էր տեսնել ակումբի անդամների և առաջին թիմի խաղացողների հետ՝ ինչպես Բարսելոնա իր այցելությունների ժամանակ, այնպես էլ թիմի՝ ԱՄՆ կատարած ուղևորությունների ժամանակ։ Այս համաձայնագիրը նպատակ ունի կենդանի պահել եղբայրության այդ գաղափարը և միաժամանակ կապ ստեղծել Կոբիի երկրպագուների և Բարսելոնայի միջև, որպեսզի ամերիկացու ժառանգության գլոբալ ազդեցությունն էլ ավելի մեծանա մարզական հանրության և երկրպագուների շրջանում:

Նոր երկրորդ համազգեստը և հարակից ապրանքների հավաքածուն հասանելի են հուլիսի 29-ից՝ երեքշաբթի օրվանից, ինչպես Բարսայի, այնպես էլ Nike-ի ֆիզիկական խանութներում, fcbarcelona.com և nike.com կայքերում։ Առաջին թիմը պաշտոնապես կներկայացնի համազգեստը, երբ հուլիսի 31-ին՝ հինգշաբթի օրը, Սեուլում կմրցի FC Seoul-ի հետ։