
Հանսի Ֆլիկը խոսել է հաղթանակի մասին
Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը չթաքցրեց իր հույզերը ճապոնական Վիսսել Կոբեի նկատմամբ նախամրցաշրջանային 3-1 հաշվով հաղթանակի ընթացքում: Գերմանացի մասնագետը հանդիպման ժամանակ ակտիվ էր և գոհ մնաց թիմի, հատկապես` երիտասարդների ցուցադրած խաղից։
«Սա շատ լավ հանդիպում էր։ Առաջին 30 րոպեներում շատ լավ էինք խաղում, բայց առաջին կեսի վերջին 15 րոպեին կորցրեցինք վերահսկողությունը։ Երկրորդ կեսում կրկին գերազանց էինք», – նշեց Ֆլիկը։
Նա ընդգծեց՝ ակումբը մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդների ներգրավմանը։ «Մենք շատ խաղացողներ ունենք Լա Մասիայից։ Ժոֆրեն ու Դրոն շատ լավ հանդես եկան, ինչպես մարզումներում», – հավելեց մարզիչը։
Ֆլիկը նաև պարզաբանեց, որ Ասիական շրջագայության ընթացքում փորձում են հավասար հնարավորություններ տալ բոլորին։ «Նպատակը այն է, որ յուրաքանչյուրը խաղա 45 րոպե։ Ռեշֆորդն այդքան էլ շատ չի խաղացել, իսկ Ժերար Մարտինին ցանկանում էինք 15 րոպե տրամադրել, քանի որ վերադառնում էր վնասվածքից»։
Ռունի Բարդգիի ապագայի մասին
Ֆլիկը նաև անդրադարձավ Ռունի Բարդգիի փայլուն խաղին և գեղեցիկ գոլին՝ ընդգծելով, որ նրա ապագան առաջին կազմում կախված է հենց իր ջանքերից։
«Այն կախված է իրենից։ Երբ նա լավ խաղում է՝ ինչպես այսօր, դա տեսանելի է նաև մարզումներում։ Նույնը վերաբերում է Ժոան Գարսիային, Ռեշֆորդին։
Թեև նա մեկ շաբաթով քիչ է մարզվել մյուսներից, ես գոհ եմ նրա ցուցադրած խաղից։ Երիտասարդները պետք է շարունակեն աճել։
Այս մրցաշրջանում մեզ համար հեշտ չի լինելու, բայց ինչպես նախորդում՝ մենք շարունակում ենք պայքարել տիտղոսների համար։ Դեռ կաշխատենք այսպես»։
Ֆլիկն ընդգծեց՝ երիտասարդ խաղացողները Բարսելոնայի ապագան են։ «Ես շատ գոհ եմ երիտասարդներից՝ Դրո, Ժոֆրե Տոռենտս, Ռունի, ինչպես նաև Տոնի ու Գիլյե, ում ես արդեն ճանաչում էի նախորդ շրջագայությունից»։
Մարզչի խոսքերից պարզ է դառնում՝ ակումբի ապագան կառուցվում է հենց երիտասարդների վրա, և նրանք, ովքեր արդարացնեն վստահությունը, կստանան իրենց հնարավորությունը։