ad-banner-1
Ժոան–Գարսիա–Լապորտա

Բարսելոնան Ժոան Գարսիային գրանցելու տարբերակներ է գտել

Բարսելոնայում դժգոհ են Մարկ-Անդրե տեր Շտեգենի հայտարարությունից, որով նա տեղեկացրել էր վիրահատվելու իր որոշման և մոտ երեք ամսով շարքից դուրս մնալու մասին։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Ի վերջո, աննախադեպ է, երբ ֆուտբոլիստը, նախքան վիրահատվելը, ինքնուրույն հայտարարում է վերականգնման ժամկետների մասին։ Ավելին, մինչ 33-ամյա դարպասապահի հայտարարությունը, ակումբը դեռ պաշտոնական տեղեկատվություն չէր հրապարակել։

Ըստ Mundo Deportivo-ի՝ Բարսելոնայում կարծում են, որ Տեր Շտեգենի այս քայլը կարող է լինել Ժոան Գարսիայի գրանցումը բարդացնելու մարտավարություն, քանի որ Լա Լիգայի կանոնների համաձայն՝ միայն չորս և ավելի ամիս տևող վնասվածքներն են թույլ տալիս ակումբին օգտագործել տվյալ ֆուտբոլիստի աշխատավարձի 80%-ը նորեկների գրանցման համար։

Ամեն դեպքում, կապտառնագույնները պնդում են, որ Էսպանյոլի նախկին դարպասապահին գրանցելու համար իրենք կախված չեն Տեր Շտեգենի բացակայությունից։
Կատալոնական ակումբը վստահ է, որ ի լրումն արդեն ավարտված այլ գործարքների, VIP տոմսերի վաճառքից ստացված եկամուտները (անկախ նրանից՝ «Սպոտիֆայ Կամպ Նոուում», թե «Մոնժուիկում»), որոնք հաստատված են աուդիտորների կողմից, բավարար կլինեն Ժոան Գարսիայի գրանցումն իրականացնելու համար։

Անհրաժեշտության դեպքում կարող է կիրառվել նաև ակումբի նախագահի կամ խորհրդի անդամների կողմից տրվող հատուկ ֆինանսական երաշխիքի տարբերակը։

Գարսիայի ներկայացուցիչներն արդեն տեղեկացված են

Այս պլանի մասին արդեն տեղեկացրել են Գարսիային և նրա գործակալին՝ նրանց հավաստիացնելու համար, իսկ Դեկուն երեկ երեկոյան հանդիպել է նրա ներկայացուցիչների հետ։

Այնուամենայնիվ, Տեր Շտեգենի հարցով վերջնական գնահատականը կտա Լա Լիգայի բժշկական հանձնաժողովը։ Եթե վիրահատությունից հետո Բարսայի բժշկական անձնակազմը եզրակացնի, որ նրա բացակայությունը կգերազանցի չորս ամիսը, ապա աշխատավարձի թեթևացումը, բնականաբար, կկիրառվի Գարսիայի գրանցման համար։

Եթե դա չստացվի, Բլաուգրանան պատրաստ է գործի դնել այլընտրանքային պլանը։ Գարսիայի հարցն ամենահրատապն է, և նրա գրանցումն ավելի առաջնային է, քան Վոյցեխ Շչեսնիի և Մարկուս Ռեշֆորդի գրանցումները։

Գարսիան տպավորիչ է հանդես եկել նախամրցաշրջանային մարզումների ընթացքում և համարվում է ռազմավարական նշանակության ձեռքբերում։ Ակնկալվում է, որ 24-ամյա դարպասապահը մեկնարկային կազմում կլինի առաջին իսկ տուրից՝ օգոստոսի 16-ին, շաբաթ օրը, Մալյորկայի դեմ խաղում։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել