
Բարսելոնան ընդդեմ Շտեգենի
Բարսելոնայի և Մարկ-Անդրե Տեր Շտեգենի միջև լարվածությունը նոր փուլ է մտել այն բանից հետո, երբ գերմանացի դարպասապահը հայտարարեց, որ վիրահատվելու է և կվերադառնա խաղադաշտ երեք ամսվա ընթացքում։
Այդ ժամկետը, սակայն, տարաձայնությունների պատճառ է դարձել, քանի որ միայն այն դեպքում, երբ խաղացողը բացակայում է առնվազն չորս ամիս, ակումբը կարող է օգտագործել նրա աշխատավարձի 80 տոկոսը ֆինանսական հաշվարկներում։
Բարսելոնայի ճամբարում համոզված են՝ Տեր Շտեգենի ապաքինումը կտևի ավելի երկար, ինչը հաստատել է նաև վնասվածքաբանության մասնագետ դոկտոր Ռիպոլը՝ խոսելով Cadena SER-ի հետ։
«Երեք ամիսը չափազանց կարճ ժամկետ է, և թղթի վրա չորս ամիսն ավելի իրատեսական է», — նշել է մասնագետը։
Նա նաև ընդգծել է, որ ոչ մի հստակություն չկա կատարվելիք վիրահատության բնույթի վերաբերյալ․
«Ամեն ինչ կախված կլինի այն բանից՝ բժիշկները կընտրեն ագրեսիվ միջամտությո՞ւն, թե՞ միայն մեղմացնող բուժում»։
Բացի այդ, Ռիպոլը քննադատել է Տեր Շտեգենի քայլը՝ նախապես հայտարարել ապաքինման ժամկետի մասին՝ վիրահատությունից առաջ․
«Ֆուտբոլիստն իրեն շատ հարմար դիրքում է դրել՝ նշելով ժամկետ՝ մինչ վիրահատությունը։ Լավագույնը կլիներ լռել և վիրահատությունից հետո ներկայացնել բժշկական եզրակացություն», — ասել է նա։
Մասնագետը հավելել է, որ Լա Լիգայի հանձնաժողովն էլ պետք է իր հերթին հետազոտություն կատարի՝ պարզելու համար դարպասապահի բացակայության ճշգրիտ տևողությունը։
Ըստ վերջին տեղեկությունների՝ Տեր Շտեգենը վիրահատվելու է երեքշաբթի, հուլիսի 29-ին։