ad-banner-1
Բարսելոնա Դեկու

Բարսելոնայի պաշտպանը կերկարաձգի պայմանագիրը մինչև 2030 թվական

Տարեսկզբից ի վեր Բարսելոնան ակտիվորեն աշխատում է թիմի առանցքային ֆուտբոլիստների պայմանագրերի երկարաձգման ուղղությամբ։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Մի շարք աստղեր, ինչպիսիք են Պեդրին, Գավին, Լամին Յամալը, Ռաֆինյան և Ինյիգո Մարտինեսը, արդեն իսկ նոր պայմանագրեր են կնքել Լա Լիգայի չեմպիոնների հետ։
Աշխատանքներ են տարվում նաև Էրիկ Գարսիայի և Ֆրենկի դե Յոնգի պայմանագրերը երկարաձգելու ուղղությամբ, որոնց գործող համաձայնագրերն ավարտվում են 2026 թվականին։
Ժյուլ Կունդեի պայմանագիրը երկարաձգվել էր մինչև 2027 թվականը։

Այժմ, ըստ L’Equipe-ի, Ժյուլ Կունդեն, որի գործող պայմանագիրը Բարսայի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը, պատրաստվում է այն երկարաձգել ևս երեք մրցաշրջանով՝ մինչև 2030 թվականի հունիսը։ Այս տեղեկությունը հաստատել է նաև Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ֆուտբոլիստն ու ակումբը եկել են ամբողջական համաձայնության, իսկ պաշտոնական հայտարարությունը սպասվում է առաջիկայում։ Ֆրանսիացու համար նախատեսված երեք տարվա երկարաձգումը ներառում է նաև աշխատավարձի բարձրացում։

Այլ ակումբների, հատկապես Պրեմիեր լիգայից, հետաքրքրությունը պակաս չէր։ Մանչեսթեր Սիթին ուշադիր հետևում էր իրավիճակին։ Սակայն Սևիլիայի նախկին պաշտպանը երջանիկ է Բարսելանայում, որի կազմում նա երկու անգամ դարձել է Լա Լիգայի չեմպիոն և նպատակ ունի հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում։

Կունդեի հետ բանակցությունները, որոնք տևական ժամանակ ընթանում էին և որոնց շրջանակում վերջին հանդիպումը տեղի էր ունեցել այս ամսվա սկզբին, արդեն մոտենում են ավարտին։ Կողմերը հիմնականում համաձայնության են եկել, և մինչև պաշտոնական հայտարարությունը մնացել է հարթել միայն վերջին մանրամասները։

Թեև Կունդեն ստիպված է խաղալ իրեն ոչ հարազատ՝ աջ պաշտպանի դիրքում, իր ցուցադրած կայուն խաղի շնորհիվ նա համարվում է աշխարհի լավագույններից մեկն այդ դիրքում։ Նրա խաղը բարձր է գնահատել նաև գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։

Ֆրանսիացի պաշտպանը չի թաքցնում, որ նախընտրում է խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում՝ համարելով, որ հենց այնտեղ կարող է լիարժեք դրսևորել իր կարողությունները։ Սակայն նա նաև գիտակցում է, որ աջ պաշտպանի դիրքում իրեն դեռ երկար տարիների հաջող կարիերա է սպասվում, հատկապես որ այնտեղ արդյունավետ խաղակցություն է ստացվում Լամին Յամալի հետ։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել