ad-banner-1
Ռեշֆորդ

«Սա իմ կարիերայի նոր էջն է». Ռեշֆորդը ներկայացավ Բարսելոնայում

Բարսելոնան այսօր պաշտոնապես ներկայացրեց իր երրորդ ամառային տրանսֆերը․ Մարկուս Ռեշֆորդը, ով Մանչեսթեր Յունայթեդից է միացել կատալոնական ակումբին։

Չնայած վերջին տարիներին անգլիացու համար ամեն ինչ չէր, որ հարթ էր ընթանում, այնուամենայնիվ, Հանսի Ֆլիկը և ակումբի մարզչական շտաբը նրան համարեցին լավագույն տարբերակը՝ Նիկո Ուիլյամսի տրանսֆերի ձախողումից հետո։

Ակումբի ներկայացման ժամանակ Ռեշֆորդը խոսեց մի շարք թեմաների շուրջ՝ իր զգացողություններից սկսած մինչև նպատակներն ու ակնկալիքները նոր թիմում։

«Ցանկանում եմ հաղթել ամենամեծ տիտղոսները։ Բարսելոնան աշխարհի ամենամեծ ակումբներից է, և ես զգում եմ, որ սա հենց այն տեղն է, որտեղ պետք է լինեմ»։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

Նա ընդգծել է թիմի երիտասարդ ու մրցունակ կազմը՝ նշելով, որ պատրաստ է իր որակներով, փորձով ու անհատականությամբ օգնել ակումբին։

Ռեշֆորդն ասաց, որ իր տեղափոխությունը դժվար որոշում չէր․

«Ամեն ինչ հստակ էր ինձ համար դեռ հունվարից։ Այդ ժամանակ տեղափոխությունը չիրականացավ, գնացի Աստոն Վիլա ու լավ մրցաշրջան ունեցա։ Շնորհակալ եմ այդ հնարավորության համար»։

«Զգացի, որ ժամանակն է նոր որոշում կայացնելու։ Բարսան ընտանեկան մթնոլորտով ակումբ է, ինչը շատ եմ գնահատում։ Այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը։ Կարծում եմ՝ ոչ մի վայրկյան չեմ փոշմանի այս ընտրության համար»։

Նա հավելեց, որ իր նպատակը Բարսայի պատմությանը նոր էջ ավելացնելն է։

«Մանկուց եմ հետևել այս ակումբին։ Բարսան հաղթանակների, ազատ խաղի և երկրպագուներին հիացնելու մասին է։ Սա հենց այն տեղն է, որտեղ ես ուզում եմ լինել»։

«Մանչեսթեր Յունայթեդը վերակառուցման փուլում է։ Ես վատ բան չունեմ ասելու։ Այդ ակումբը մեծ դեր է ունեցել ոչ միայն կարիերայիս, այլև կյանքիս վրա։ Բայց կյանքում ամեն ինչ մեր գծած պլանով չի ընթանում։ Սա իմ նոր ճանապրհն է»։

«Հանսի Ֆլիկը իմ տեղափոխության հիմնական պատճառներից էր։ Եթե մարզիչն այն չուզենար, ոչինչ չէր ստացվի։ Նա ինձ մեծ վստահություն է տվել»։

Ռեշֆորդն ընդգծեց, որ վստահ է իր ընտրության հարցում․

«Այլ տարբերակներ կային, բայց ես երբեք չփոխեցի միտքս։ Անգամ եթե պետք լիներ՝ ավելի երկար կսպասեի։ Ես պատրաստ եմ ընդունելու բոլոր մարտահրավերները»։

Նա հիշեց նաև Գարի Լինեքերին՝ նշելով.

«Նրա պես դառնալու հույս ունեմ։ Ճիշտ է, հեշտ չի այսպիսի ակումբում գերազանցել սպասելիքները, բայց պատրաստ եմ փորձելու։ Ուզում եմ գոլեր խփել, բայց ավելի կարևոր է թիմային հաջողությունը»։

«Յամալը տաղանդավոր ֆուտբոլիստ է։ Անցած մրցաշրջանում, իմ կարծիքով, նա աշխարհում լավագույններից էր։ Ուրախ եմ նրա նման խաղացողի հետ նույն թիմում լինելու համար»։

Լա Լիգայի և Պրեմիեր լիգայի տարբերությունների մասին խոսելիս նշեց.

«Դեռ չեմ խաղացել Լա Լիգայում, բայց ի տարբերություն Անգլիայի՝ այստեղ շատ տեխնիկական է ֆուտբոլը։ Այդ անհայտությունը ինձ ոգեշնչում է։ Պատրաստ եմ փորձելու»։

ՉԼ նպատակների մասին ասաց.

«Անցած մրցաշրջանում ակումբը մոտ էր Չեմպիոնների լիգայի հաղթանակին։ Այս մրցաշրջանում ուզում եմ օգնել թիմին հասնել այդ նպատակի։ Դա իմ մանկության երազանքներից մեկն է։

Տեսնում եմ՝ սա երջանիկ թիմ է։ Երբ թիմը երջանիկ է, հեշտ է ինտեգրվել։ Այստեղ խաղում են պատմության ու նշանի համար։ Ակումբը հպարտության, գեղեցիկ ֆուտբոլի ու երկրպագուներին ժպիտ պարգևելու մասին է»։

Նա հավելեց, որ իր հարմարվելու ունակությունն իրեն շատ կօգնի․

«Գիտեմ՝ իմ լավագույն հատկանիշներից մեկը հարմարվելու ունակությունն է։ Պատրաստ եմ արագ ինտեգրվել ու ցույց տալ ուժերիս առավելագույնը։

Ուզում եմ լիարժեք զգալ ակումբը՝ թե՛ խաղադաշտում, թե՛ խաղադաշտից դուրս։ Ճանաչել այս մշակույթը, երկրպագուներին, քաղաքը։ Սա լիարժեք փորձառություն է լինելու»։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել