
Կրոյֆը՝ ժամանակակից ֆուտբոլի հիմնադիր. բլոգ
Այսօր շատ է խոսվում «ժամանակակից ֆուտբոլ» ասվածի մասին` որը ֆուտբոլը դարձնում է ավելի համակարգված, էլ ավելի թիմային և ինտենսիվ: Իհարկե դա այդպես է, բայց Բարսելոնան այդ ֆուտբոլը խաղում էր շատ վաղուց, երբ դեռ այդպիսի ֆուտբոլը չէր համարվում նորաձև:
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին
Այդ ոճի ֆուտբոլը Բարսելոնայում հաստատվեց, երբ 1988 թ-ի ամռանը թիմը գլխավորեց լեգենդար Յոհան Կրոյֆը: Կրոյֆը արդեն հանդես էր եկել Բարսելոնայում որպես ֆուտբոլիստ, ծանոթ էր Բարսայում տիրող իրավիճակին և գիտեր, թե ինչ են ուզում Բարսելոնայի երկրպագուները: Այս հանգամանքները Կրոյֆի՝ Բարսելոնայի մարզիչ նշանակվելու պատճառներից էին: Երբ Կրոյֆը տեղափոխվեց Բարսա, 10 տարվա մեջ Բարսելոնան ընդամենը մեկ անգամ էր կարողացել դառնալ Իսպանիայի չեմպիոն, ակումբում ոչ այդքան լավ մթնոլորտ էր տիրում և զգալի նվազել էր նաև երկրպագուների հաճախելիությունը ստադիոն:
Կրոյֆը այն մարզիչներից էր, որոնք ֆուտբոլում մեծ ուշադրություն էին դարձնում մանր դետալներին, ինչը, նրա կարծիքով, հենց տարբերություն ստեղծողն էր ֆուտբոլում: Հոլանդացու պատկերացրած ֆուտբոլը կայանում էր նրանում, որ հարձակվողը պետք է լինի թիմի առաջին պաշտպանը, իսկ դարպասապահը առաջին հարձակվողը: Ֆուտբոլիստները պետք է մանրամասն հասկանային խաղընկերների շարժը խաղադաշտում, ինչը Կրոյֆի կարծիքով ուշ թե շուտ տալու էր իր արդյունքները:
Կրոյֆը մտադիր էր մեծ փոփոխություններ իրականացնել և միանգամից հեռացնել թիմից այն ֆուտբոլիստներին, ովքեր չէին համապատասխանում իր պատկերացումներին: Բարսելոնայի նոր խաղաոճը միանգամից սկսեց դուր գալ երկրպագուներին, ինչի շնորհիվ էլ միանգամից աճեց երկրպագուների հաճախելիությունը: Բարսելոնան սկսեց միանգամից տարբերվել իր հստակ ոճով` նրանք մտածում էին միայն մեկ բանի մասին` գրոհել, գրոհել և գրոհել: Բարսելոնան սկսեց նաև առանց գնդակի շատ բարձր պրեսսինգ կիրառել մրցակցի կիսադաշտում, ինչին հաճախ մրցակիցները պատրաստ չէին լինում:
Կրոյֆը նաև սկսեց շատ մեծ ուշադրություն դարձնել ակադեմիայի ֆուտբոլիստներին և այդ ավանդույթը պահվում է մինչ այժմ: Բարսելոնային, իհարկե, ժամանակ էր պետք այդ մեծ փոփոխություններին հարմարվելու և խաղային վերելքին հասնելու համար։ Բարսայից 3 տարի պահանջվեց: Իհարկե մինչև Կրոյֆը նույնպես եղել են նման ֆուտբոլ օգտագործելու փորձեր, բայց երբեք այդ ոճը չի եղել այդքան կատարելագործված, ինչպես Կրոյֆի օրոք: Վստահաբար կարելի է ասել, որ «տոտալ ֆուտբոլ» ասվածի հայրը հանդիսանում է հենց հոլանդացին:
Ստորև ներկայացնեմ թե ի վերջո ինչ տիտղոսներ նվաճեց Կրոյֆը Բարսայի հետ՝ որպես մարզիչ:
- Լա Լիգա՝ 1990-91, 1991-92, 1992-93, 1993-94
- Իսպանիայի գավաթ (Copa del Rey)՝ 1989-90
- Իսպանիայի սուպերգավաթ՝ 1991, 1992, 1994
- Եվրոպական գավաթ՝ 1991-92
- Եվրոպայի գավաթակիրների գավաթ՝ 1988-89
- Եվրոպական սուպերգավաթ՝ 1992