ad-banner-1
բարսա

Բարսայի իդեալական 11-ը այս մրցաշրջանում․ բլոգ

Այս հոդվածում կքննարկենք Բարսելոնայի լավագույն մեկնարկային կազմը, որը կպայքարի բոլոր տիտղոսները նվաճելու համար 2025/26 թթ․ մրցաշրջանում։ Ընտրել եմ 1-4-2-3-1 դասավորությունը։

Մինչեւ հոդվածին անցնելը, չմոռանաք բաժանորդագրվել նաեւ մեր տելեգրամ-ալիքին

Դարպասապահ. Ժոան Գարսիա

Բարսելոնայի համար այժմ անհրաժեշտություն է ստաբիլ դարպասապահը, ով նաև ֆանտաստիկ սեյվեր կարող է կատարել, իսկ Ժոան Գարսիան հենց այդ դարպասապահն է։ Ժոանի մոտ մի փոքր կաղում է ոտքով խաղը, բայց, կարծում եմ, Բարսայում դա շտկելը ժամանակի հարց է։

Կենտրոնական պաշտպաններ. Կուբարսի և Արաուխո

Կուբարսին, ճիշտ է, շատ երիտասարդ է, բայց խաղում է բավականին հասուն ֆուտբոլ։ Շատ լավ է դրսևորում իրեն թե՛ դիրքային խաղում, թե՛ անհատական։ Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում, երբ լինի նաև փորձը, նա կարող է երկար ժամանակ մնալ աշխարհի լավագույն պաշտպանների շարքում։

Արաուխոյի վերաբերյալ կարծիքս, վստահ եմ, անհամաձայնություններ կառաջացնի, բայց Արաուխոն ունի պաշտպանողական այնպիսի տվյալներ, որոնք ներկայիս պաշտպաններից շատ քչերը ունեն: Արաուխոյի խնդիրը նրա գլխում է. նա դեռ մինչև վերջ չի պատկերացնում ներկայիս Բարսայի խաղաոճը և թե ինչ է իրենից ուզում Ֆլիկը։ Բայց համոզմունք ունեմ, որ գալիք մրցաշրջանում լրիվ այլ Արաուխո ենք տեսնելու։

Աջ պաշտպան. Ժյուլ Կունդե

Կունդեն նույնպես այն ֆուտբոլիստներից էր, ով Ֆլիկի օրոք նոր երանգներով սկսեց իրեն դրսևորել։ Այս պահին առանց ֆրանսիացու դժվար է պատկերացնել Բարսայի պաշտպանության աջ եզրը։ Ժյուլը, բացի բուն պաշտպանական գործողություններից, նաև լավ է միանում գրոհներին և բավականին հաջող եզրային փոխանցումների է տիրապետում։

Ձախ եզրային պաշտպան. Ալեխանդրո Բալդե

Արդեն համոզվել ենք, թե առանց Բալդեի հաճախ ինչ վատ տեսք էր ունենում Բարսելոնայի պաշտպանության ձախ եզրը։ Կարծում եմ՝ Բալդեն այս պահին աշխարհի երեք լավագույն ձախ եզրայիններից է։ Նա արագ է, ճկուն, հիանալի է միանում գրոհներին, իսկ երբ թիմը կորցնում է գնդակը, Բալդեն կամ դիմում է բարձր պրեսինգի, կամ արագության շնորհիվ հասցնում է փակել իր դիրքը։

Կիսապաշտպանության կենտրոն. Դե Յոնգ և Պեդրի

Առհասարակ Դե Յոնգ–Պեդրի կիսապաշտպանական զույգը համարում եմ լավագույնը աշխարհում։ Փորձեմ ներկայացնել նրանց առանձին։ Ֆրենկի Դե Յոնգը այն ֆուտբոլիստն է, ով ուղղակի քանդում է մրցակցի պրեսսինգը և աներանելի իրավիճակներից հաճախ այնպիսի հեշտությամբ է դուրս գալիս, որ ուղղակի զարմանք է առաջացնում։ Դե Յոնգին համարում եմ Բարսայի ուղեղը ու ոչ մի կերպ չեմ պատկերացնում Բարսելոնայի իդեալական 11-ը առանց նրա։ Իսկ Պեդրիի մասին կարելի է անվերջ խոսել։ Կփորձեմ հակիրճ ներկայացնել. Պեդրին ուղղակի աննման է, չկա նրա նման երկրորդը և վերջ։ Այն, ինչ նա է անում խաղադաշտում, հենց դա է ֆուտբոլը ու նրա գեղեցկությունը։

Հարձակվողական ոճի կիսապաշտպան. Ռաֆինյա

Այո, մի զարմացեք, հենց Ռաֆինյային եմ պատկերացնում այդ դիրքում գալիք մրցաշրջանում։ Ռաֆինյային որոշ խաղերում արդեն տեսել ենք 10 համարի դերում: Երբ թիմի խաղը այդքան էլ չէր ստացվում, նա նահանջում էր և ավելի խորքից կազմակերպում խաղը, ինչը նրա մոտ բավականին լավ էր ստացվում։ Բացի այդ, Ռաֆինյան գերազանց է դիմում պրեսսինգի, ինչը այդ դիրքի խաղացողի համար շատ կարևոր է։

Հարձակվողական եռյակ. Յամալ – Ուիլյամս – Օլմո

Այստեղ փորձեմ միասին անդրադառնալ, որպեսզի ամեն ինչ պարզ լինի։ Այս հարձակվողական տրիոն իրականում կարող է երազանքների տրիո դառնալ Բարսելոնայի համար։ Եռյակում գտնվող ցանկացած ֆուտբոլիստ ունի տվյալներ, որոնց շնորհիվ կարող է խաղի ընթացքում փոխել դիրքը և քաոս ստեղծել մրցակցի համար։ Օլմոյին պատկերացնում եմ «կեղծ» 9 համարի դիրքում, քանի որ նա, անհրաժեշտությունից ելնելով, կարող է փոխվել դիրքերով Ռաֆինյայի հետ։ Վստահ եմ, որ Ռաֆինյան նույնպես հիանալի կարող է հանդես գալ «կեղծ» 9-ի դիրքում։

Ուիլյամսը իր կարիերայի զգալի ժամանակահատվածում հանդես է եկել նաև աջ վինգերի դիրքում, այնպես որ, խաղի ընթացքից ելնելով՝ նրա աջ եզր տեղափոխվելը խնդիր չի լինի, մնում է, որ նրա տրանսֆերը վերջնականապես հաստատվի։

Յամալը կարող է խաղալ ամենուր։ Կարծում եմ՝ մոտ է այն պահը, երբ նրան կարող է լիակատար ազատություն տրվել խաղադաշտում, որպեսզի ստեղծագործի՝ ինչպես կարող է, քանի որ նրա նման ֆուտբոլիստին սահմանափակելը, կարծում եմ, այդքան էլ ցանկալի չէ։

Անկախ ամեն ինչից մեզ շատ հետաքրքիր մրցաշրջան է սպասվում, և Բարսելոնայի 11-ը ովքեր էլ որ իրավիճակից ելնելով լինեն, վստահ եմ, ամեն ինչ անելու են, որպեսզի չխախտվի այն համակարգված ֆուտբոլը, որը կար ավարտված մրցաշրջանում։

Սարգիս Սարգսյան

Կարդացեք նաեւ Սարգիսի բլոգն այն մասին, որ այս տարի ավելի դժվար կլինի

Պատասխանել