
Երկու դիրք, որոնք Ֆլիկը ցանկանում է ուժեղացնել Բարսելոնայում
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գոհ է ակումբի այս ամառվա տրանսֆերային քաղաքականությունից։ Մասնավորապես, դա վերաբերում է դարպասապահ Ժոան Գարսիայի հետ պայմանագրի կնքմանը և «Աթլետիկ Բիլբաոյի» հարձակվող Նիկո Ուիլյամսի մոտալուտ տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ գերմանացի մասնագետն այժմ ցանկանում է, որ «կապտանռնագույնները» ևս երկու դիրք ուժեղացնեն։ Ֆլիկը կարծում է, որ թիմին անհրաժեշտ է նոր աջ պաշտպան, որը կարող է փոխարինել Ժյուլ Կունդեին։ Բացի այդ, «բլաուգրանայի» մարզիչը կարևոր է համարում «Բարսելոնայի» համար հարձակվող ձեռք բերել, որը կկարողանա փոխարինել 36-ամյա Ռոբերտ Լևանդովսկուն։ Գերմանացին սակայն հասկանում է, որ իսպանական գրանդը մտադիր է զգալի ներդրումներ կատարել նոր հարձակվողի համար միայն 2026 թվականին, երբ լեհ խաղացողի պայմանագիրը կավարտվի։
Բաժանորդագրվե՛ք մեր ՏԵԼԵԳՐԱՄԻ ԱԼԻՔԻՆ