
Ժերար Ռոմերոյի կոշտ պատասխանը Աթլետիկին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Բիլբաոյի Աթլետիկը հանդիպել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի հետ եւ քննարկել Բարսելոնայի՝ ֆինանսական ֆեյր փլեյի 1։1 ձեւաչափին անցնելու վերաբերյալ խնդիրները։ Jijantes ալիքի բլոգեր Ժերար Ռոմերոն կոշտ քննադատել է Աթլետիկի արարքը եւ բացատրել դրա անտրամաբանականությունը։
«Աթլետիկը հայտարարություն է տարածել Բարսելոնայի եւ 1։1 աշխատավարձերի օրենքի մասին, բայց, կարծես, մարդիկ չեն պատկերացնում ինչպես է աշխատում հրաժարագինը։ Եկեք պարզ ձեւով բացատրենք այն․ հրաժարագինը արտակարգ իրավիճակի ելքի նման բան է ֆուտբոլիստի պայմանագրում։ Նիկո Ուիլյամսի դեպքում, այն սահմանված է 62 միլիոն եվրո։ Եթե այդ գումարը վճարվում է ակումբին, ֆուտբոլիստը կարող է հեռանալ՝ առանց ակումբի ցանկությունները հաշվի առնելու։ Որեւէ բանակցության եւ թույլտվության կարիք չկա։ Դու պարզապես վճարում ես գումարը, եւ այդքանով ամեն ինչ ավարտվում է։
Պատկերացրեք՝ դուք ունեք Մեսսիի ստորագրությամբ մարզաշապիկ «Կամպ Նոուում» իր խաղացած վերջին խաղից։ Դուք ցուցանակ եք կախել, որտեղ գրված է, որ այն չի վաճառվում, բայց եթե որեւէ մեկը տա 62 միլիոն եվրո, կարող է վերցնել այն։ Հետո մեկը կապ է հաստատում ձեզ հետ, տալիս գումարը, իսկ դուք ասում եք՝ ոչ, ոչ քեզ, դու ինձ դուր չես գալիս։ Բայց չէ՞ որ նա վճարել է։ Եթե դու չես ցանկանում այդ շապիկից բաժանվել, ինչու չես սահմանել գումարը 300 միլիոն եվրո։ Բիլբաոյի հայտարարությունն ասում է․ «Մենք կենտրոնացած ենք մեր գործերի վրա, բայց ինչ-որ մեկը պետք է ստուգի՝ Բարսան համապատասխանում է 1։1 կանոնին, թե ոչ»։ Բայց դա կապ չունի հրաժարագնի հետ։
Հրաժարագինը վճարում է ֆուտբոլիստը (կամ վճարվում է նրա անունից հանդես գալով), եւ այդ պրոցեսը տեղի է ունենում առանց Լա լիգայի վերահսկման։ Լա լիգան հսկում է ֆուտբոլիստի պաշտոնական գրանցումը նոր ակումբում, եւ այո, այն արդեն պետք է համապատասխանի 1։1 կանոնին, աշխատավարձերի սահմանաչափին, ֆինանսական ֆեյր փլեյի կարգավորումներին։ Սրանք իրարից խիստ տարբեր հարցեր են։ Բարսելոնան կարող է մտնել Լա լիգայի գրասենյակ վաղը, վճարել 62 միլիոն եվրո Նիկոյի համար, եւ այդ պահին Նիկոն կդառնա ազատ, անգամ եթե Աթլետիկին դա դուր չգա, անգամ եթե նրանք հայտարարություն տարածեն, զանգեն Տեբասին, Բեթմենին, իմ զարմիկի աղջկան, կամ ուրիշներին։
Եթե ավելի ուշ Բարսան չի կարողանում գրանցել նրան ֆինանսական կարգավորումների պատճառով, դա նրանց անձնական խնդիրն է։ Նույնն է, որ գնես 82 դյույմ հեռուստացույց եւ հետո հայտնաբերես, որ այն չի կարող անցնել քո տան մուտքի դռնով։ Ո՞ւմ սխալն է։ Քո։ Դու պետք է նախապես չափեիր այդ դռան շրջանակը։ Եթե Բարսան վճարում է հրաժարագինը, Նիկոն ազատ է։ Եթե հետո նրանք չեն կարողանում գրանցել Ուիլյամսին, ամբողջությամբ իրենց խնդիրն է։
Այսպիսով, հստակեցնելու համար՝ 1։1 օրենքը չի կանխում ակումբի կողմից հրաժարագնի վճարումը։ Դա անօրինական չէ, էթիկայի կանոններին դեմ չէ, եւ, միանշանակ, խարդախություն չէ։ Այն ամբողջովին օրինական մեխանիզմ է ժամանակակից ֆուտբոլում։ Եվ եթե դա քեզ անհանգստացնում է, հաջորդ անգամ պարզապես հրաժարագինը սահմանիր 300 միլիոն եվրո»։