
3 ֆուտբոլիստ, ովքեր կարող են օգնել Բարսելոնային նվաճել թրեբլ
1. Ժոան Գարսիա — դարպասապահ, որ կարող է փրկել ամենադժվար պահերին։ Այժմ Բարսելոնային օդի ու ջրի պես պետք է այնպիսի դարպասապահ, որը կլինի ստաբիլ և միևնույն ժամանակ կկարողանա շատ դժվար սեյվեր անել: Տեր Շտեգենը դժվար թե կարողանա վերադարձնել հին մարզավիճակը, դե իսկ Շչեսնիին, որքան էլ որ հասցրել ենք շատ սիրել, բայց, միևնույն է, նա Բարսելոնայի համար մեկնարկային կազմի դարպասապահ չէ։ Ժոան Գարսիան հենց այն դարպասապահն է, ով ստաբիլ է և կարող է փրկել թիմին անհնարին թվացող իրավիճակներում: Ժոանի ոտքով խաղն է միայն, որ ամենաբարձր մակարդակի վրա չէ, սակայն, իմ կարծիքով, Բարսելոնայում դա կշտկվի կարճ ժամանակում։
2. Ալեքս Գրիմալդո — մրցակցություն պաշտպանության ձախ եզրում։ Գրիմալդոյի հավանական տրանսֆերը նույնպես կարող է շատ կարևոր լինել Բարսելոնայի համար, քանի որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է և, անկասկած, Բալդեի հետ կպայքարի մեկնարկային կազմում խաղալու համար, ինչից միայն կշահի թիմը։ Գրիմալդոն, բացի հուսալի պաշտպան լինելուց, նաև շատ հաջող միանում է գրոհներին, ունի փոխանցման բարձր տեխնիկա և տիրապետում է հրաշալի հարվածների։
3. Նիկո Վիլյամս — հարձակման գծում քաոս ստեղծողը։ Հարձակման գիծը ուժեղացնելու նպատակով այժմ Բարսելոնայում շատ է քննարկվում երկու անուն՝ Լուիս Դիաս և Նիկո Վիլյամս։ Անկասկած՝ թե՛ Լուիսը, թե՛ Նիկոն շատ ուժեղ ֆուտբոլիստներ են, սակայն այս երկուսից մի փոքր նախապատվություն կտամ Նիկո Վիլյամսին մի քանի պատճառներով։ Նիկոյի տրանսֆերային գինը և աշխատավարձը կլինի ավելի ցածր, քան Դիասինը։ Բացի այդ, Նիկոն ավելի երիտասարդ է, ունի ավելի մեծ ցանկություն Բարսայում խաղալու համար, կարող է հավասարապես ուժեղ լինել հարձակման ձախ և աջ եզրերում, և վերջապես՝ նրա համար ավելի հեշտ կլինի հարմարվել Բարսելոնայի խաղին, քանի որ այնտեղ հանդես են գալիս Իսպանիայի հավաքականի նրա խաղընկերներից շատերը։