1 տարի, 2000+ երկրպագու ու լեփ-լեցուն սրահներ․ Ինչպես «Երևան Բարսելոնիստան» փոխեց ֆուտբոլային մշակույթը
Մի տարի առաջ սա դեռ նոր սկսվող պատմություն էր։ Այսօր դրա մի մասը արդեն հազարավոր մարդիկ են։ 2025 թվականին Բարսելոնայի նախագահների խորհուրդը պաշտոնապես հաստատեց «Երևան Բարսելոնիստան»՝ որպես Բարսելոնայի պաշտոնական ֆան ակումբ Հայաստանում։ Այդ պահից սկսվեց մի պատմություն, որն ընդամենը մեկ տարվա ընթացքում հասցրեց միավորել հազարավոր երկրպագուների։
Աղմուկ, որը խլացնում է էկրանի ձայնը, հարյուրավոր հուզված երկրպագուներ ու մի տարածք, որը մեկ գոլից վայրկյանական թնդում է։ Մեկ տարի առաջ «Երևան Բարսելոնիստայի» պատմությունը նոր էր սկսվում։ Այսօր այն արդեն ունի հազարավոր երկրպագուներ, լեփ-լեցուն միջոցառումներ ու երեկոներ, որոնք Բարսելոնայի խաղը վերածում են շատ ավելիի, քան պարզապես 90 րոպեանոց հանդիպման։ Առաջին համատեղ դիտումները սկսվեցին Rush Pub-ից, հետո ճանապարհը շարունակվեց Downtown-ում, Old Marani-ում, Yankee Pub-ում, իսկ վերջին խելահեղ խաղերից մեկը «Երևան Բարսելոնիստային» տարավ O2 Gardens Cafe & Restaurant։ Վայրերը փոխվում էին, բայց գաղափարը նույնն էր՝ հավաքվել մեկ վայրում ու Բարսելոնայի խաղը միասին վայելել։ Սկզբում տասնյակ երկրպագուներին աստիճանաբար փոխարինեցին հարյուրավորները, իսկ սովորական դիտումները վերածվեցին ամբողջական ֆուտբոլային երեկոների։
Ու այդ երեկոները երբեք միայն միասին խաղ դիտելու մասին չեն եղել։ Խաղերից առաջ ու ընդմիջումներին երկրպագուներին սպասել են տարբեր ինտերակտիվներ ու մրցույթներ, իսկ ֆան-ակումբի գործընկերների շնորհիվ ամենաակտիվ մասնակիցները ստացել են հատուկ նվերներ ու մրցանակներ։ Յուրաքանչյուր թոփ հանդիպում ստացել է իր անհատական սցենարն ու մթնոլորտը՝ ֆուտբոլից բացի ստեղծելով նաև միասին անցկացրած յուրահատուկ պահեր։
Աճի ամենավառ ապացույցներից մեկը դարձավ Էլ Կլասիկոն։ Բարսելոնայի մասնակցությամբ ամենամեծ միջոցառմանը O2 Gardens Cafe & Restaurant-ում հավաքվեց շուրջ 300 երկրպագու։ Մեկ խաղ, մեկ սրահ, հարյուրավոր կապտանռնագույններ ու այնպիսի մթնոլորտ, որտեղ մեկ գոլը կարող էր վայրկյանների ընթացքում պայթեցնել ամբողջ տարածքը։ Բարսելոնան հաղթեց խաղում ու ապահովեց Իսպանիայի չեմպիոնությունը, և համատեղ դիտումը դարձավ չեմպիոնական տոնակատարություն։
Բայց այդ 300-ը դեռ վերջը չէր։ «Երևան Բարսելոնիստայի» կազմակերպած ամենամեծ միջոցառումը դարձավ Աշխարհի առաջնության եզրափակիչը, որի ժամանակ մեկ վայրում հավաքվեց 1000-ից ավելի երկրպագու։ Հազարավոր մարդիկ՝ մեկ երեկո, մեկ էկրան ու մեկ ֆուտբոլային պատմություն։ Այդ պահին արդեն դժվար էր սա պարզապես համատեղ դիտում անվանել․ ձևավորվել էր համայնք, որն ուզում էր ոչ միայն հետևել ֆուտբոլին, այլև միասին ապրել այն։
Ու այս մեկ տարվա պատմությունը միայն ամենամեծ երեկոների մասին չէ։ Ընդհանուր առմամբ 2000-ից ավելի երկրպագու արդեն «Երևան Բարսելոնիստայի» հետ միասին դիտել է Բարսելոնայի խաղերը, իսկ 200-ից ավելի մարդ դարձել է ֆան-ակումբի պաշտոնական անդամ։
Թվերի հետևում, սակայն, մարդիկ են։ Հենց այդ մարդկանցից էլ մեկ տարվա ընթացքում ձևավորվեց մի համայնք, որի համար Բարսելոնան միայն ֆուտբոլային ակումբ չէ, այլ միասին ապրելու, հանդիպելու ու նույն էմոցիան կիսելու պատճառ։
Մոտ երկու շաբաթից «Երևան Բարսելոնիստան» կբոլորի իր պաշտոնական գործունեության առաջին տարեդարձը։ 365 օր։ 2000+ երկրպագու։ 1000+ մարդ՝ մեկ միջոցառման ժամանակ։ 300-անոց Էլ Կլասիկո։ 200+ պաշտոնական անդամ։ Բայց այս թվերը պատմության վերջը չեն։ Սա ընդամենն առաջին գլուխն է։ Այն գլուխը, որտեղ ձևավորվեց համայնքը, և դրվեց այն հիմքը, որի վրա դեռ շատ ավելի մեծ պատմություն է կառուցվելու։ Մի տարի առաջ դեռ հարց էր՝ ինչ կլինի, եթե Երևանում Բարսելոնայի երկրպագուները սկսեն միասին հավաքվել։ Այսօր պատասխանը «Երևան Բարսելոնիստան» է։
Իսկ լավագույնը դեռ առջևում է, որովհետև ամեն ինչ նոր է սկսվում։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ անցնում եք այս ճանապարհը։
