VAR-ի շուրջ նոր աղմուկ․ Ֆրենկի դե Յոնգը խոսեց «սկանդալի» մասին
Բարսելոնան ծանր պարտություն իրեց Մադրիդի Ատլետիկոյի դեմ խաղում, սակայն քիչ չէին վիճահարույց դրվագները։ Պաու Կուբարսիի չեղարկված գոլը շարունակում է լուրջ աղմուկ բարձրացնել Բարսելոնայի ճամբարում։ Թիմի ներսում դժգոհությունը չի մարում, իսկ խաղից հետո ամենակոշտ արձագանքը հնչեցրել է Ֆրենկի դե Յոնգը, որը հրապարակավ կասկածի տակ է դրել VAR-ի որոշման հիմնավորվածությունը։
Հոլանդացի կիսապաշտպանը չի թաքցրել իր զայրույթը և նշել է, որ հեռարձակված կադրերը, իր կարծիքով, հակասում են մրցավարական եզրակացությանը։
«Ես հետո տեսա պատկերը, և այնտեղ հստակ երևում է, որ խաղից դուրս վիճակ չկար։ Հեռուստացույցով ցուցադրված կադրում չի երևում գնդակի հետ հպման պահը, իսկ հետո տեսնում եք պատկերը, որտեղ Ֆերմինը հարվածում է, իսկ պաշտպանը Ռոբերտից մի մետր հետ է։ Կարծում եմ՝ սա շատ տարօրինակ է», – դե Յոնգի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Դե Յոնգը նաև ընդգծել է, որ գլխավոր մրցավարը լիարժեք պատասխանատվություն չի կրում ստեղծված իրավիճակի համար, քանի որ ինքն էլ է սպասել տեսաօգնականի եզրակացությանը։ Նրա համոզմամբ՝ խնդիրը տեխնոլոգիական գործընթացում է։
«Նա չի կարող շատ բան անել, քանի որ ինքն էլ է սպասում։ Նա չունի պատկերը կամ տեսանյութը, բայց VAR-ն ունի։ Այն պատկերը, որը ես տեսա, և եթե դա արհեստական բանականություն չէ, ինչն արդեն հնարավոր չէ տարբերել, եթե սա իրական լուսանկարն է, ապա սա սկանդալ է, որովհետև ամեն ինչ շատ պարզ է», – հավելել է կիսապաշտպանը։
Հիշեցնենք, որ Կուբարսիի գոլը չեղարկվել էր ավելի քան վեց րոպե տևած ստուգումից հետո։ Խաղից դուրս վիճակը որոշվել էր ձեռքով գծված գծերի միջոցով, քանի որ կիսաավտոմատ համակարգը տվյալ պահին չէր գործել։
