Ո՞վ կդառնա Լևանդովսկու փոխարինողը. Բարսելոնայի երկու գլխավոր թիրախները բացահայտվեցին
Թեև ամառային տրանսֆերային պատուհանը դեռ հեռու է, Բարսելոնան արդեն սկսել է պլանավորել հաջորդ մրցաշրջանի համար կազմի ուժեղացման ռազմավարությունը։ Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, կատալոնական ակումբի հիմնական առաջնահերթությունները նոր կենտրոնական պաշտպան և կենտրոնական հարձակվող ձեռք բերելն է։ Սակայն շատ բան կախված կլինի ակումբի ֆինանսական վիճակից։
Մեկ խոշոր տրանսֆեր և մի քանի ազատ գործակալ
The Touchline-ի հաղորդմամբ՝ Բարսելոնան ծրագրում է այս ամառ մեկ բարձրակարգ ֆուտբոլիստ ձեռք բերել տրանսֆերային վճարով, ինչպես նաև մեկից երեք ազատ գործակալ հրավիրել՝ ֆինանսապես վերահսկելի քաղաքականության շրջանակում։
Ֆինանսական սահմանափակումների պատճառով բլաուգրանան քիչ հավանական է, որ կարողանա իրականացնել միաժամանակ մի քանի խոշոր տրանսֆեր։ Այդ պատճառով Դեկուի գլխավորած ղեկավարությունը ընտրել է չափավոր մոտեցում՝ կենտրոնանալով մեկ բարձր մակարդակի ֆուտբոլիստի վրա, որը հնարավոր է լինի կենտրոնական հարձակվող՝ Ռոբերտ Լևանդովսկիին փոխարինելու համար։
Միևնույն ժամանակ, ակումբը նախատեսում է ակտիվորեն ուսումնասիրել ազատ գործակալների շուկան, ռազմավարություն, որը վերջին տարիներին արդեն արդյունավետ է եղել սահմանափակ ֆինանսների պայմաններում։
Ազատ գործակալներ՝ Բարսելոնայի տեսադաշտում
Լրացուցիչ տեղեկությունների համաձայն՝ ազատ գործակալի կարգավիճակով ֆուտբոլիստների հրավիրումը այս ամառ լինելու է առաջնահերթություն Լա Լիգայի գործող չեմպիոնի համար։ Ակումբն արդեն առանձնացրել է մի քանի ֆուտբոլիստների, որոնց պայմանագրերը կավարտվեն ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Դրանց թվում են՝
- Լիվերպուլի պաշտպան Իբրահիմա Կոնատե, ում անունը ոչ վաղ անցյալում ակտիվորեն կապվում էր Ռեալ Մադրիդի հետ։
- Բորնմութի պաշտպան Մարկոս Սենեսի, որը ևս գտնվում է Բարսելոնայի ուշադրության կենտրոնում։
- Մանչեսթեր Սիթիի ավագ Բեռնարդու Սիլվա, որը երկար տարիներ եղել է կատալոնական ակումբի թիրախը՝ հատկապես Չավիի մարզչության տարիներին, կրկին վերադարձել է օրակարգ։
- Բավարիայի կիսապաշտպան Լեոն Գորեցկա, ֆուտբոլիստ, որին Հանսի Ֆլիկը շատ լավ ճանաչում է Գերմանիայում համատեղ աշխատանքի տարիներից։
Ժամանակը ցույց կտա՝ արդյոք Բարսելոնան կկարողանա այս ցուցակից մեկ կամ մի քանի ֆուտբոլիստներ ներգրավել, սակայն այս պահին ակումբի ռազմավարությունը պարզ է՝ մեկ տրանսֆեր և կազմի համալրում ազատ գործակալների միջոցով։
