Լամին Յամալը հավասարվեց լեգենդար ֆուտբոլիստին
Լամին Յամալը դարձավ Բարսելոնայի երեկվա հաղթանակի գլխավոր հերոսը Էլչեի դեմ խաղում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ և անմիջական մասնակցություն ունենալով Մարկուս Ռեշֆորդի գոլային դրվագին։
Էստադիո Մարտինես Վալերոյում խփած այդ գոլով Լամին Յամալը ոչ միայն դարձավ հանդիպման հերոսներից մեկը, այլև ընդամենը 18 տարեկանում հավասարվեց Դիեգո Մարադոնայի՝ Բարսելոնայում գրանցած գոլերի ցուցանիշին։
Կարևոր է այն փաստը, որ սա Յամալի արդեն երրորդ անընդմեջ հանդիպումն էր Բարսելոնայի կազմում, որտեղ նա գոլ է խփում։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ նրա հարձակողական արդյունավետությունն այս մրցաշրջանում զգալիորեն բարձր է, քան նախորդում։
Թվերը խոսում են իրենց փոխարեն
Յամալի երեկվա գոլը Ինյակի Պենյայի դարպասը դարձավ նրա իններորդը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում՝ նույնքան, որքան նա խփել էր նախորդ մրցաշրջանի ամբողջ ընթացքում։
Անցած մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը Բարսելոնայի կազմում անցկացրել էր 35 լիգայական հանդիպում՝ դառնալով 9 գոլի հեղինակ, այսինքն՝ միջինը մոտ 0.25 գոլ մեկ խաղում։
Նա գոլեր էր խփել Աթլետիկին, Օսասունային, Ատլետիկո Մադրիդին, Էսպանյոլին, Գրանադային, երկու անգամ՝ Ռեալ Մադրիդին, ինչպես նաև դուբլ էր ձևակերպել Գրանադայի դեմ։
Ընթացիկ մրցաշրջանում, սակայն, Յամալի 9 գոլերը գրանցվել են ընդամենը 18 հանդիպումներում (նա որոշ խաղեր բաց է թողել վնասվածքի պատճառով), ինչի արդյունքում նրա միջին ցուցանիշը հասել է 0.5 գոլի մեկ խաղում։
Ակնհայտ է, որ այս մրցաշրջանում տեսնում ենք Յամալի ամենալավ տարբերակը։ Չնայած նրա ֆիզիկական վիճակի և խաղային որակի շուրջ եղած քննարկումներին` թվերը հստակ ցույց են տալիս, որ նա նախորդ մրցաշրջանի համեմատ կրկնապատկել է իր արդյունավետությունը։
Խաղից հետո Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը նշել է.
«Ես իսկապես շատ գոհ եմ Լամին Յամալի ներկայիս իրավիճակից․ նա կենտրոնացած է ոչ միայն հարձակման, այլև պաշտպանական աշխատանքի վրա։ Շատ հաճելի է տեսնել դա, և մենք ցանկանում ենք, որ նա այս մակարդակով շարունակի»։
Անկասկած, գլխավոր մարզիչը հույս ունի, որ Յամալը կպահպանի այս մակարդակը և նույնիսկ կբարելավի իր ֆիզիկական պատրաստվածությունը մրցաշրջանի ընթացքում, քանի որ Բարսելոնային անհրաժեշտ է, որ դեռահաս ֆուտբոլիստը լինի իր լավագույն տարբերակում՝ բոլոր մրցաշարերում հաջող պայքարելու համար։
