ad-banner-1

Յուլիան Նագելսմանը խոսել է Տեր Շտեգենի մասին

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հստակեցրել է՝ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը կմնա հավաքականի առաջին դարպասապահը միայն այն դեպքում, եթե վերականգնվելուց հետո կրկին դառնա Բարսելոնայի հիմնական դարպասապահը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Նագելսմանը հանդես եկավ Լայպցիգում կայացած Միջազգային մարզչական համագումարի ժամանակ՝ փակելով Մանուել Նոյերի վերադարձի շուրջ շրջանառվող խոսակցությունները։

«Իմ մտքում արդեն իսկ պատկերացնում եմ Մարկի վերադարձը դեկտեմբերին, այնուհետ երկու հանդիպում՝ մարտին ու հունիսին, և ապա՝ Աշխարհի առաջնություն։ Նա մեր հիմնական դարպասապահն է, երբ առողջ է և երբ մեկնարկային կազմում է իր ակումբում։ Դա վերաբերում է ոչ միայն նրան, այլև բոլոր խաղացողներին»,- նշել է Նագելսմանը։

Կա մեկ պայման

Չնայած վերջին շրջանում Տեր Շտեգենը կորցրել է իր հիմնական դիրքը Բարսելոնայում՝ Ժոան Գարսիայի ժամանումից հետո, Նագելսմանի խոսքերից պարզ է դառնում, որ դարպասապահը դեռ ունի հնարավորություն՝ վերադառնալու Գերմանիայի հավաքականի կազմում առաջատարի դիրքին։

«Վերականգնման փուլից հետո նա պետք է վերադառնա և լինի հիմնական դարպասապահն իր ակումբում։ Եթե դա տեղի ունենա, ապա նա կդառնա մեր հավաքականի հիմնական դարպասապահը, որովհետև արժանի է դրան»,- ընդգծել է Նագելսմանը։

Նոյերի վերադարձը՝ քննարկման առարկա

Գերմանական մամուլում ակտիվ քննարկվում էր Նոյերի վերադարձը հավաքական, հատկապես Սեպ Մայերի հայտարարությունից հետո, որտեղ վերջինս նշել էր, որ դա կլինի «լավագույն լուծումը»։ Սակայն Նագելսմանը վերահաստատեց՝ իրենց որոշումը մտածված էր, և հիմա Նոյերի վերադարձը օրակարգում չէ։ «Մենք այդ որոշումը կայացրել ենք լիովին գիտակցված ձևով։ Այժմ Նոյերի վերադարձը չենք քննարկում»,- ասաց մարզիչը։

Այնուամենայնիվ, Նագելսմանը վստահ է՝ Գերմանիան դարպասապահների հարցում խնդիր չունի։ Նրա խոսքով՝ Գերմանիան շատ լավ տարբերակներ ունի, և դարպասապահի դիրքը իրեն չի անհանգստացնում։

Հիշեցնենք, որ այս պահին Տեր Շտեգենը վնասվածք ունի, և նրա վերադարձը ակնկալվում է, որ կլինի 4 ամիս անց։

Mari

Հեղինակ՝ Mari

Պատասխանել