ad-banner-1

Ֆլիկ. «Չեմ զղջում իմ ասածների համար»

Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի դեմ կրած պարտությունից հետո Բարսելոնան կիրակի օրը կվերադառնա Լա Լիգայի խաղարկությանը՝ հյուրընկալվելով Սևիլյային Ռամոն Սանչես Պիսխուան մարզադաշտում։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Նախախաղային մամուլի ասուլիսում Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը անդրադարձել է Լամին Յամալի առողջական վիճակին, ով կրկին անհանգստություն է զգացել աճուկի շրջանում և դադար վերցրել մոտ երկու-երեք շաբաթով։

«Նա իրեն լավ էր զգում, հակառակ դեպքում չէր մասնակցի ՊՍԺ-ի դեմ խաղին։ Խոսել եմ նրա հետ, այսօր ավելի լավ է, բայց դեռ պատրաստ չէ խաղալու»,– նշել է Ֆլիկը՝ հերքելով խոսակցությունները, թե Յամալին շտապել են վերադարձնել խաղադաշտ։

Խոսելով երիտասարդ ֆուտբոլիստի հետագա մասնակցության մասին՝ Ֆլիկը նշել է.

«Յամալի հետ ամեն օր ենք խոսում։ Բոլորը գիտեն՝ որքան տաղանդավոր է նա, բայց իմ պատասխանատվությունն է՝ խաղաժամանակ տալ նրան այն ժամանակ, երբ լիովին պատրաստ լինի։ Եթե խաղացողը 100 տոկոսով ֆիզիկապես պատրաստ չէ, պետք է կարողանա ուժեղ կողմերը ճիշտ օգտագործել։ Լամինը հիանալի է գնդակով, բայց առանց գնդակի նույնպես պետք է լավ լինի։ Նրա խաղաժամանակը պետք է խելամիտ կառավարել»։

Մարզիչը նշել է, որ Յամալի վերադարձի հստակ ժամկետ չկա․

«Չգիտենք՝ երբ կվերադառնա։ Այս վնասվածքի դեպքում դժվար է կանխատեսել, քանի որ դա մկանային խնդիր չէ։ Կարող է վերադառնալ երկու, երեք կամ չորս շաբաթից։ Չգիտեմ՝ նա կկարողանա՞ մասնակցել Էլ Կլասիկոյին։ Ամեն ինչ պետք է արվի քայլ առ քայլ»։

Դե լա Ֆուենտեի հետ իրավիճակի մասին

Ֆլիկը մեկնաբանել է նաև իր նախկին հայտարարությունները՝ ուղղված Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեին, ով նախորդ հավաքների ընթացքում օգտագործել էր Յամալին։

«Այդ ամենը տեղի էր ունեցել անցած հավաքական ընդմիջումից հետո։ Չեմ զղջում իմ ասածների համար։ Ես պարզապես ցանկանում էի պաշտպանել իմ խաղացողին։ Դա արդեն անցյալում է։ Չեմ մտածում բացասական։ Նման բաներ պատահում են։ Գուցե խոսքերս ավելի կտրուկ են հնչել, բայց ես պետք է պաշտպանեմ իմ ֆուտբոլիստին»,– ասել է Ֆլիկը։

Սևիլյայի դեմ խաղի և ՊՍԺ-ի պարտության մասին

Սևիլյան շատ ինտենսիվ և ագրեսիվ թիմ է։ Դժվար հանդիպում է սպասվում։ Մենք նրանց լավ ենք ճանաչում, իրենց ոճն ունեն և ունեն ուժեղ աջակցություն։ Մեր նպատակը երեք միավորն է»,– նշել է գերմանացի մասնագետը։

Մարզիչը նաև անդրադարձել է ՊՍԺ-ի դեմ պարտությանը՝ ասելով․

«Բոլորը տխուր էին այդ պարտությունից հետո։ Բայց մենք պետք է ավելի խելացի խաղանք և սովորենք մեր սխալներից։ Դա մեր պարտականությունն է»։

Խոսելով բարձր գծով խաղի մասին՝ Ֆլիկը հավելել է․

«Մեզ համար կարևոր է ճնշում գործադրել հակառակորդի վրա, դա մեր խաղային մտածելակերպն է։ Եթե գնդակի վրա ճնշում չկա, ապա պաշտպանական գիծը չի կարող շատ առաջ խաղալ։ Վերջին խաղերում այս ուղղությամբ առաջընթաց կա, բայց դեռ շատ աշխատանք կա անելու»։

Թիմում մթնոլորտի մասին

«Մենք ցանկանում ենք, որ բոլորը ներգրավված լինեն՝ խաղացողները, մարզիչները, երկրպագուները։ Պետք է բոլորս միասին ձգտենք հաղթանակների։ Վերջին ընդմիջումից հետո թիմի վերաբերմունքը դրական է։ ՊՍԺ-ի դեմ պարտությունը ցավալի էր, բայց դա աշխարհի վերջը չէ։ Մենք պետք է շարունակենք առաջ շարժվել»,– ասել է Ֆլիկը։

Բերնալ և հավաքականների մասին

Բարսելոնայում դժգոհություն է առաջացրել Մարկ Բերնալի ընդգրկումը Իսպանիայի Մ-21 հավաքականում՝ հաշվի առնելով, որ նա վերջին շրջանում խաղադաշտում անցկացրել է ընդամենը 20 րոպե՝ ավելի քան մեկ տարվա դադարից հետո։

«Մարկը դեռ պատրաստ չէ մեծ խաղաժամանակի։ Նա ծանր վնասվածքից հետո դեռ չի վերադարձել նախորդ ֆիզիկական վիճակին։ Ազգային հավաքականը պետք է զգույշ լինի և հոգ տանի նրա մասին»,– ընդգծել է Ֆլիկը։

Անդրադառնալով նաև 2026 թվականից նախատեսվող նոր համակարգին, ըստ որի՝ սեպտեմբերի և հոկտեմբերի հավաքական պատուհանները կմիավորվեն մեկ երկար՝ 16-օրյա ընդմիջման, Ֆլիկն ասել է․

«Հստակ կարծիք չունեմ։ Գուցե դա լավ լինի հավաքականի համար, բայց ինձ համար դա առաջնային հարց չէ»։

Աղբյուր՝ Mundo Deportivo

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։