
Ֆերմին Լոպեսը կանգնած է լուրջ փորձառության առաջ
Կիրակի երեկոյան կատալոնացիները Լա լիգայում 3:0 հաշվով վստահ հաղթեցին Խետաֆեին, սակայն հաղթանակի պայծառ ֆոնին ստվեր գցեց Ֆերմին Լոպեսի վնասվածքը։ Հանդիպման վերջին րոպեներին 22-ամյա կիսապաշտպանը ցավից բռնեց աճուկը, ապա՝ արտասվելով հեռացավ դաշտից։ Ակումբում մտահոգություն կա, որ նրան մի քանի շաբաթ դադար է սպասվում։
Հաշվի առնելով, որ երկու շաբաթից սկսվում է միջազգային դադարը՝ Ֆերմինի ներկայությունը Իսպանիայի առաջիկա հանդիպումներին՝ Վրաստանի (հոկտեմբերի 11) և Բուլղարիայի (հոկտեմբերի 14) դեմ, գրեթե բացառված է։ Դա լուրջ կորուստ կլինի Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմի համար, որտեղ երիտասարդ կիսապաշտպանը արդեն վստահություն էր ձեռք բերել սեպտեմբերյան հավաքի ընթացքում։
Լոպեսի վնասվածքը հատկապես ցավալի ժամանակ տեղի ունեցավ․ նա փայլուն մարզավիճակում էր՝ դուբլ Վալենսիայի դեմ խաղում, տպավորիչ ելույթ՝ Չեմպիոնների լիգայում Նյուքասլի հետ և ակտիվ խաղ Խետաֆեի դեմ, որտեղ ընդամենը դարպասապահի արձագանքը խանգարեց նրան գրանցել գոլ։
Ֆերմին Լոպեսը առաջիկա ժամերին կանցնի բժշկական հետազոտություն, որը հստակեցնելու է վնասվածքի բնույթն ու ապաքինման ժամկետը։ Նույն օրը հետազոտվելու է նաև Գավին․ բժիշկները կորոշեն՝ շարունակել պահպանողական բուժումը, թե անցնել վիրահատության, որն առնվազն մեկ ամսով կհեռացնի նրան խաղադաշտից։