
Ե՞րբ կբացվեն Կամպ Նոու-ի դռները
Սպոթիֆայ Կամպ Նոու մարզադաշտի վերանորոգման աշխատանքների շարունակական ուշացումները դարձել են լուրջ խոչընդոտ Բարսելոնայի համար՝ նոր մրցաշրջանը լիարժեք սկսելու ճանապարհին։
Սկզբնական պլանը նախորդ ամիսների ձգձգումներից հետո այն էր, որ թիմը վերադառնա Կամպ Նոու և այնտեղ անցկացնի ավանդական Ժոան Գամպերի գավաթի հանդիպումը։ Սակայն անհրաժեշտ լիցենզիաները չստանալը հանգեցրել է հերթական հետաձգմանը։
Այժմ ակումբը նպատակ ունի վերադառնալ Կամպ Նոու արդեն Լա Լիգայի առաջին տնային խաղում՝ սեպտեմբերի կեսերին կայանալիք Բարսելոնա – Վալենսիա հակամարտության ժամանակ։ Բայց ստադիոնի պատրաստվածության շուրջ դեռևս մտահոգություններ կան, ուստի քննարկվել է նաև այլընտրանքային տարբերակ՝ Յոհան Կրույֆի մարզադաշտը։
Յոհան Կրոյֆի մարզադաշտը՝ ոչ համարժեք
Սակայն Mundo Deportivo-ի փոխանցմամբ, Բարսելոնան ամբողջովին բացառել է Յոհան Կրոյֆի մարզադաշտում Լա Լիգայի հանդիպում անցկացնելու հնարավորությունը։
Պատճառը պարզ է՝ մարզադաշտը, որը տեղակայված է Սիուտատ Էսպորտիվայում և հիմնականում ծառայում է Բարսա Աթլետիկին ու կանանց թիմին, չունի Լա Լիգայի համար սահմանված նվազագույն տարողությունը։
Լա Լիգայի պահանջը նվազագույնը 8000 տեղ է, մինչդեռ Կրոյֆի մարզադաշտը ունի ընդամենը 6000 տեղ և դասակարգվում է որպես 3-րդ կարգի մարզադաշտ։ Ըստ գործող կանոնակարգի՝ միայն 1-ին և 2-րդ կարգի ստադիոններն ունեն իրավասություն հյուրընկալելու Լա Լիգայի հանդիպումներ։
Բացի այդ, ակումբը երբեք չի դիտարկել ժամանակավոր տրիբունաներ տեղադրելու տարբերակը՝ տարողությունը ավելացնելու համար։
Պլան Ա՝ Կամպ Նոու, Պլան Բ՝ Մոնժուիկ
Բարսելոնան շարունակում է կենտրոնացած մնալ՝ սեզոնը հենց վերանորոգվող Սպոթիֆայ Կամպ Նոուում սկսելու վրա։ Ակումբի ղեկավարությունը ձեռնարկում է բոլոր քայլերը, որպեսզի դա հնարավոր դառնա, եթե միայն աշխատանքների ուշացումները կամ քաղաքապետարանի սահմանած անվտանգության չափանիշները չխանգարեն։
Սակայն Գամպերի գավաթի խաղի ժամանակ առաջացած խնդիրներից հետո ակնհայտ է, որ անհրաժեշտ է ունենալ նաև պլան Բ։
Այդ տեսանկյունից պահեստային տարբերակը մնում է Մոնժուիկը։
Սակայն այստեղ ևս խնդիր կա՝ սեպտեմբերի 12-ին այնտեղ նախատեսված է Պոստ Մալոունի համերգ, ինչը կարող է խանգարել ընդամենը 1-2 օր անց այնտեղ ֆուտբոլային հանդիպում անցկացնելու տարբերակին։
Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ համերգի տոմսերի վաճառքը ցածր մակարդակի վրա է, և կա հավանականություն, որ միջոցառումը կտեղափոխվի ավելի փոքր վայր, ինչը հնարավորություն կտա Մոնժուիկում անցկացնել Բարսելոնայի խաղը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բարսելոնան խնդիրների նոր ստադիոնի շահագործման հարցում։