
Բարսելոնայի նախկին տնօրենը խոսել է չիրականացած տրանսֆերի մասին
Բարսելոնայի նախկին սպորտային տնօրեն Ռամոն Պլանեսը, ով այժմ աշխատում է Ալ Իթիհադում, վերջերս հարցազրույց է տվել SPORT-ին՝ անդրադառնալով իր գործունեության շրջանին Բարսելոնայում։ Պլանեսը բացահայտել է, որ ակումբը շատ մոտ էր Ալեքսանդր Իսակին ձեռք բերելուն։
«Մենք շատ մոտ էինք Իսակին Բարսելոնա բերելուն։ Նա հիանալի համապատասխանում էր Բարսայի խաղաոճին, և ես լիովին համոզված էի նրա ներուժի մեջ, սակայն այդ տեղափոխությունը տեղի չունեցավ», — նշել է Պլանեսը։
Իսակը դեռ Ռեալ Սոսյեդադում էր հանդես գալիս, երբ կատալոնական ակումբը սկսել էր հետաքրքրվել նրանով։
Նշենք, որ շվեդ հարձակվողը Լա Լիգայում անցկացրել է 105 խաղ և խփել 33 գոլ, իսկ հետո տեղափոխվել է Նյուքասլ։
Բացի Իսակից, Պլանեսը խոսել է նաև Դարվին Նունյեսի մասին՝ նշելով, որ նա դիտարկվել է որպես Լուիս Սուարեսի փոխարինող։
«Մենք նաև դիտարկում էինք Դարվին Նունյեսին։ Խոսել եմ Կումանի հետ նրա մասին, երբ նա դեռ Ալմերիայում էր։ Մտադրություն ունեինք նրան թողնել այնտեղ և հետագայում տեղափոխել Բարսելոնա, սակայն Բենֆիկան վճարեց 25 միլիոն եվրո և տարավ նրան», — նշել է Պլանեսը։
Նունյեսը 2020-ին միացավ Բենֆիկային, որտեղ 85 խաղում խփեց 48 գոլ, իսկ 2022-ին տեղափոխվեց Լիվերպուլ։ Չնայած այնտեղ խաղերը եղել են անկայուն, Պլանեսը համոզված է՝ այդ ժամանակահատվածում Սուարեսին փոխարինող գտնելը ամենադժվար առաքելություններից էր։
«Կարծում եմ՝ Սուարեսին փոխարինող գտնելը մեզ համար մեծ մարտահրավեր էր, որը, դժբախտաբար, չհաջողվեց», — ասել է նա։
Հիշեցնենք, որ Սուարեսի հեռանալուց հետո Բարսան ստիպված էր առաջատարի դիրքում հույս դնել Մարտին Բրեյթուեյթի, Լյուկ դե Յոնգի և անկայուն խաղ ցուցադրող Անտուան Գրիզմանի վրա։ Միայն 2022 թվականին ակումբը վերջապես ձեռք բերեց Ռոբերտ Լևանդովսկուն։