ad-banner-1

Պեդրի. «Սա ակումբային մակարդակում լավագույն խաղերից մեկն է»

Չեմպիոնների լիգայի ամենասպասված խաղերից մեկին ընդառաջ՝ Բարսելոնայի և ՊՍԺ-ի դիմակայությունից մեկ օր առաջ, Հանսի Ֆլիկն ու Պեդրին ներկայացան մամուլի ասուլիսով։ Երկուսն էլ խոսեցին առաջնորդության, վնասվածքների, վրեժի զգացողության և Լուիս Էնրիկեի թիմին դիմակայելու դժվարությունների մասին։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Ֆլիկ․ վստահություն, վնասվածքներ և հույզերի կառավարում

Գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը նշեց հանդիպման բարդությունը՝ ընդգծելով․ «Սա Չեմպիոնների լիգան է, և առաջին իսկ վայրկյանից մենք պետք է խաղանք մեր առավելագույն մակարդակով»։ Գերմանացին մերժեց անցյալի վրա կենտրոնանալու հարցադրումները․ «Ամեն ինչ փոխվել է՝ Պարի Սեն-Ժերմենը, ֆուտբոլիստները, Բարսան։ Մենք չենք նայում անցյալին»։

Անհատական խաղացողների մասին խոսելիս Ֆլիկը գովեստի խոսքեր ասաց Մարկուս Ռեշֆորդի հասցեին․ «Վերջին խաղերը նրան ինքնավստահություն տվեցին», ինչպես նաև ընդգծեց Վոյցեխ Շչենսնիի պատրաստվածությունը․ «Նա ֆուտբոլիստ է, ում հետ անցած մրցաշրջանում երեք տիտղոս ենք նվաճել։ Նա պատրաստ է»։ Լևանդովսկու և Ֆեռան Տոռեսի մասին հարցին ի պատասխան՝ մարզիչը վստահեցրեց, որ նրանք երկուսն էլ կարևոր են հարձակման գծում, սակայն մեկնարկային կազմը դեռ որոշված չէ։

Հարցին՝ արդյո՞ք Փարիզյան ակումբը կփորձի թիրախավորել Ռոնալդ Արաուխոյին, Ֆլիկը պատասխանեց․ «Արաուխոն անհավանական խաղացող է, և դա ապացուցել է վերջին խաղերում։ Շատ գոհ եմ նրանից»։

Շատ քննարկված 18-ամյա տաղանդ Լամին Յամալի վերադարձի մասին Ֆլիկը զգուշավոր էր․ «Խոսքերով չափից դուրս գովաբանելը լավ չէ։ Նա տաղանդ ունի և կարող է հասնել մեծ բարձունքների, բայց պետք է աշխատի նաև պաշտպանությունում»։

Երկու կողմի վնասվածքների մասին խոսելիս՝ Ֆլիկը նշեց․ «Սա մեր աշխատանքի մասն է։ Պետք է կարողանանք կառավարել իրավիճակը։ Սա է իրականությունը»։

Պեդրի․ առաջնորդություն և վրեժի ցանկություն

Ակումբի կապիտաններից Պեդրին, խոստովանեց, որ առաջնորդ դառնալու ճանապարհը հեշտ չի եղել․ «Դժվար էր, որովհետև Բարսա եկա որպես երեխա, բայց հիմա ինձ ավելի կարևոր եմ զգում և ստանձնում եմ այդ դերը»։ Նա ընդգծեց, որ Ֆլիկը իրեն մշտապես խրախուսում է առաջնորդել ոչ միայն դաշտում, այլև հանդերձարանում։

Անձնական թեմաների մասին խոսելիս Պեդրին քիչ կարևորեց իր դիրքը Ոսկե գնդակի ցուցակում՝ ասելով, որ ամենակարևորը ակումբում և ազգային հավաքականում իրեն գնահատված զգալն է։ Նա հաճույքով ընդունեց Փոլ Սքոուլզի գովեստը․ «Դա մոտիվացիա է։ Գիտեմ՝ շատ դժվար է մոտենալ Խավիի և Ինիեստայի մակարդակին, բայց հաճելի է նման համեմատությունը»։

Խաղի մասին խոսելիս Պեդրին առանձնացրեց դաշտի կենտրոնական մասի կարևորությունը․ «Սա խաղ է, որտեղ երկու թիմերն էլ ուզում են ունենալ գնդակը։ Մենք համարձակ թիմ ենք, և կարծում եմ՝ կկարողանանք դա անել»։ Նա նաև նշեց, որ բոլոր կուլերները, ներառյալ ինքը, խաղը համարում են հնարավորություն վրեժ լուծելու ՊՍԺ-ից։

Պեդրին գնահատեց նաև մրցակցի խաղաոճը․ «Սիրում եմ խաղալ ՊՍԺ-ի նման թիմի դեմ, քանի որ նրանք նույնպես ուզում են նախաձեռնությունը վերցնել և ոչ թե նստել պաշտպանությունում։ Սա մեծ խաղ է լինելու»։

Ե՛վ մարզիչը, և՛ կիսապաշտպանը ընդգծեցին հանդիպման զգացմունքային ծանրությունն ու տակտիկական պահանջները։ Պեդրին ամփոփեց ընդհանուր տրամադրությունը․ «Կարծում եմ՝ սա ակումբային մակարդակում լավագույն խաղերից մեկն է։ Փարիզը աշխարհի լավագույն թիմերից մեկն է, իսկ ես մեզ համարում եմ լավագույնը։ Շատ մեծ խաղ է լինելու»։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։