ad-banner-1

Ժոան Գարսիա. «Ես դա զգացել եմ իմ մաշկի վրա»

Ժոան Գարսիան հաստատել է, որ հասանելի կլինի Հանսի Ֆլիկի համար Աթլետիկի դեմ խաղում և բացեիբաց խոսել է այն բարդ որոշման մասին, որը կայացրել էր այս ամառ՝ Էսպանյոլից Բարսելոնա տեղափոխվելով։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Նման քայլ անելը երբեք հեշտ չէ, սակայն Ժոան Գարսիան արեց դա և այժմ չի զղջում։ Ընդհակառակը՝ նա շատ գոհ է իր կայացրած որոշումից, թեև այն ժամանակ նրանից դա մեծ ուժ էր պահանջում։ Նա այս մասին պատմել է Ալեյշ Պարիսեի և Մարտա Ռամոնի հետ ունեցած հարցազրույցում՝ RAC1-ի Tu Diràs ծրագրում։

Երիտասարդ դարպասապահը ցույց է տվել իր առավել անձնական կողմը՝ խոսելով այն ամենի մասին, ինչ ապրել է այն պահից ի վեր, երբ որոշեց միանալ Բարսելոնային։

Թեպետ սա էր հիմնական թեման, Ժոան Գարսիան չկարողացավ շրջանցել նաև տվյալ պահին ամենաքննարկվող թեման՝ Լեո Մեսսիի անակնկալ այցը Բարսելոնա և Spotify Կամպ Նոու։ Նա նույնիսկ համարձակվեց գնահատել արգենտինացու՝ Բարսելոնա վերադառնալու հնարավորությունը․

«Խաղային ոճի շնորհիվ Մեսսին կարող է խաղալ այնքան ժամանակ, որքան ինքն է ցանկանում։ Կցանկանայի, որ նա գար, և ես կարողանայի խաղալ նրա հետ, բայց չգիտեմ, թե դա որքանով է հնարավոր»,— ասում է դարպասապահը այս հնարավորության մասին։

Անձնական թեմաներից խոսելիս բլաուգրանա դարպասապահը հաստատել է, որ լիովին ապաքինվել է մենիսկի վնասվածքից, որի պատճառով սեպտեմբերի վերջին դուրս էր մնացել խաղադաշտից, և պատրաստ է վերադառնալ Աթլետիկի դեմ խաղում, եթե Ֆլիկը դա նպատակահարմար համարի։ Գերմանացի մարզչի խաղային գաղափարների մասին խոսելիս Ժոան Գարսիան նշել է, որ դա ամբողջությամբ հեշտ չի եղել.

«Մեզ՝ որպես դարպասապահների, սա ստիպում է ավելի կենտրոնացած լինել ողջ հանդիպման ընթացքում։ Այո, դա վտանգավոր ոճ է, բայց եթե ճիշտ է իրականացվում, հիանալի արդյունքներ կտա։

Այս ոճով դու ստիպում ես մրցակցին ավելի արագ խաղալ և ավելի արագ մտածել… Եվ երբ նրանք խաղում են շատ փոքր տարածքում, դա հանգեցնում է նրան, որ ավելի շատ սխալներ են թույլ տալիս, և մենք հնարավորություն ենք ստանում ավելի հաճախ գնդակը վերադարձնել։

Բայց այն շատ ճշգրիտ աշխատանք է պահանջում, քանի որ ամեն ինչ կարող է վճռվել սանտիմետրերով։ Այսպիսով, ես հավատում եմ, որ այս մեթոդը արդյունքներ է տալիս, ինչպես տեսանք անցած մրցաշրջանում, երբ այն հաջողությամբ գործեց, և կարծում եմ, որ այս մրցաշրջանում, մի քանի փոքր բարելավումներով, որոնք դեռ անհրաժեշտ են, մենք ֆանտաստիկ արդյունքներ կգրանցենք։

Քանի որ դա տարբերվող խաղային ոճ է, քան այն, ինչին ես սովոր էի, ինձ համար շատ բարդ էր, բայց առաջին իսկ օրվանից ինձ շատ օգնեցին։ Դեռ շատ բաներ կան, որ պետք է բարելավեմ, բայց արդեն ավելի հարմարավետ եմ զգում»,— ընդգծեց դարպասապահը։

«Սխալներ ևս կարող են պատահել, օրինակ Օվիեդոյի դեպճում։ Ֆլիկը խոսեց այդ մասին։ Մենք այդպես ենք խաղում, դա կարող է պատահել, և դա խնդիր չէ»,— բացահայտում է դարպասապահը։

Շչենսնիի՝ մի քանի գնդակ բաց թողնելուց հետո խորհուրդ տալու մասին հարցից հետո Ժոանը նշեց. «Չեմ կարծում` ես այն դիրքում եմ, որ նրան խորհուրդ տամ, քանի որ նա մեծ փորձ ունի և երկար տարիներ է խաղում։ Գոլը միշտ չէ, որ դարպասապահի մեղքն է, բայց բնական է, որ նա է ամենաշատը ենթարկվում քննադատության, քանի որ հենց նա է ուղղակիորեն գոլն ընդունում։ Մենք լիովին գիտակցում ենք, որ ամբողջ թիմը պետք է բարելավվի, որպեսզի կարողանանք մեր դարպասը անառիկ պահել»։

Գարսիայի գալուստը նաև համընկավ Բարսելոնայի և Տեր Շտեգենի միջև առաջացած բաց հակասության շրջանի հետ։ Սակայն Ժոանը չի ցանկանում մանրամասնել այդ թեման․

«Մեր միջև խոսելու կարիք չկար։ Ոչ ոք չգիտի երկու կողմերի ամբողջական համատեքստը։ Վերջիվերջո, ամեն ինչ լուծվեց լավագույն ձևով։ Իմ հարաբերությունները Տեր Շտեգենի հետ լավ են, ինչպես ցանկացած այլ թիմակցի հետ։ Նա այժմ ապաքինման վերջին փուլում է, ուստի մի փոքր ավելի շատ է մեր կողքին եղել, և նրա հետ հարաբերությունները նորմալ են, ինչպես ցանկացած այլ գործընկերոջ հետ»,— ասում է նա։

Տեր Շտեգենի վերադարձից հետո գլխավոր դարպասապահի ընտրության մասին խոսելիս՝ նշեց. «Երեք դարպասապահներից ցանկացածը կարող է խաղալ, դա նորմալ է բոլոր թիմերում։ Ես աշխատում եմ, որպեսզի լինեմ մեկնարկային կազմում։ Եթե ստանամ այդ հնարավորությունը, կփորձեմ օգտագործել այն, որպեսզի մնամ դարպասում և ոչ ոք ինձ չփոխարինի։ Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի նորից նվաճեմ մեկնարկային տեղը և պահպանեմ այն մինչև վերջ»։

Այս թեմային հաջորդեց նրա՝ Էսպանյոլից հեռանալու մասին հարցը. «Ես արեցի այն, ինչ զգում էի։ Հնարավոր է՝ ինչ-որ բան կփոխեի, բայց հիմա շատ հանգիստ եմ։ Բոլորն ունեին իրենց կարծիքը, բայց որոշումը պետք է կայացնեի ես, որովհետև դա իմ և իմ ընտանիքի ապագան էր։ Ես շատ երջանիկ եմ իմ կայացրած որոշման համար»,— շեշտում է դարպասապահը։

Կային նաև երկու հարցեր, որոնք լայնորեն քննարկվեցին։ Առաջինը այն փաստն էր, որ նա Էսպանյոլի իր խաղընկերներին չէր ասել՝ արդյոք պատրաստվում է Բարսելոնա տեղափոխվել. «Ես նրանց ոչինչ չասացի, որովհետև ոչ մի հստակ բան չգիտեի։ Երբ մրցաշրջանը ավարտվեց, ամեն ինչ ավելի պարզ դարձավ, և ես կայացրի որոշումը»։

Երկրորդը՝ հրապարակումը, որ նա տեղադրել էր սոցիալական ցանցերում՝ համբուրելով Էսպանյոլի նշանը այն բանից հետո, երբ թիմը փրկվեց։ Նա դրանում խնդիր չի տեսնում․ «Այն սերն ու շնորհակալությունը, որ ունեմ Էսպանյոլի հանդեպ, համատեղելի է իմ կարիերայում լավագույնը որոնելու հետ»։

Կարճ և հստակ։ Այնուամենայնիվ, նա արդեն պատրաստ է հունվարի 4-ին, երբ պետք է այցելեն Կորնեյյա Էլ-Պրատ։ Նա գիտի, որ մթնոլորտը մրցակցային կլինի․ «Ես տեղյակ եմ, թե ինչ կարող է տեղի ունենալ, բայց այնտեղ կգնամ հանգիստ, ինչպես ցանկացած այլ մարզադաշտ»,— խոստովանում է նա։

Վերջում նա խոսել է նաև Լամինի վնասվածքի մասին․ «Ես նույնպես տարիներ առաջ տառապել եմ պուբալգիայով։ Ես դա զգացել եմ իմ մաշկի վրա, դա մի վնասվածք է, որը շատ խնամք է պահանջում։ Ես դրա վրա ամեն օր աշխատում եմ և կենտրոնանում եմ կանխարգելման վրա։

Չկա որևէ կոնկրետ բան, որ անես և լիովին ապաքինվես։ Պետք է ուշադիր լինել ծանրաբեռնվածության նկատմամբ և շարունակել առաջընթացը։ Լամինը անհավանական աշխատասեր է, նա շատ խելացի է… Նա ամեն օր հոգ է տանում, որպեսզի ինձ հիշեցնի այն գոլի մասին, որը խփել էր իմ դարպասը, երբ ես խաղում էի Էսպանյոլում»,— նշում է նա։

Ժոանը նաև խոսել է աշխարհի առաջնությունում լինելու հնարավորությունների մասին. «Նախ պետք է հայտնվես հայտացուցակում, բայց իհարկե ինձ համար Աշխարհի գավաթը նվաճելը պետք է լինի բարձրագույն նվաճումը՝ գուցե Չեմպիոնների լիգայի հետ նույն մակարդակի վրա»։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։