
Բոլորն իրենց պատճառներն ունեն. Պլանեսը՝ Նիկոյի մասին
Իսպանական MARCA պարբերականի հետ զրույցում Բարսելոնայի նախկին սպորտային տնօրեն Ռամոն Պլանեսը խոսել է ինչպես իր ներկայիս աշխատանքային գործունեության մասին Սաուդյան Արաբիայում, այնպես էլ՝ կատալոնական ակումբի շուրջ վերջին զարգացումների մասին։ Զրույցի առանցքում էին Լամին Յամալի շուրջ եղած քննարկումները, Ռոնալդ Կումանի դերը սերնդափոխության գործընթացում և Նիկո Ուիլյամսի տրանսֆերի ձախողումը։
Պլանեսը՝ Լամին Յամալի մասին

Պլանեսը մեծագույն հիացմունքով է խոսել Յամալի մասին՝ նշելով, որ դեռ Բարսելոնայում աշխատելու տարիներին նկատել է նրա յուրահատկությունը․
«Ես շատ եմ տեսել Լամինին խաղալիս։ Նա միանգամայն այլ կարգի խաղացող է, նա ընտրյալ է։ Ունի ֆուտբոլային ինտելեկտ, որը հազվադեպ է հանդիպում։ Սիրում եմ այնպիսի խաղացողներ, ովքեր տարբերվում են»։
Նրա խոսքով՝ կարևոր է ոչ միայն հայտնվել ուշադրության կենտրոնում, այլ նաև պահպանել և զարգացնել ունեցած տաղանդը․
«Շատ կարևոր է Յամալին պաշտպանել։ Եթե հանգամանքները թույլ տան, նա կարող է նոր դարաշրջան կերտել»։
Խոսելով իր՝ Յամալի ծննդյան երեկոյին չմասնակցելու մասին՝ Պլանեսը նշեց․
«Նա ինձ չէր հրավիրել, բայց կարծում եմ՝ այդ երեկոն արտացոլում է նոր սերնդի ոգին՝ համարձակ, անկաշկանդ։ Եվ Լամինը հենց այդպիսին է նաև դաշտում։ Նա կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքն է տեղափոխում խաղադաշտ»։
Պլանեսը՝ Բարսելոնայի ներկա թիմի և Կումանի դերի մասին

Նախկին տնօրենը նշել է, որ Բարսելոնան ունի հիանալի սերունդ, որի հիմքը դրվել է դեռ Կումանի ժամանակաշրջանում․
«Անհրաժեշտ է արժևորել այն, ինչ արեց Կումանը։ Նա սերնդափոխության գործընթացը սկսեց շատ բարդ պայմաններում»։
Պլանեսը հիշեց Մյունխենի Բավարիայից կրած ցավալի պարտությունը 2020թ․ Չեմպիոնների լիգայում՝ այն անվանելով շրջադարձային պահ։
«Կումանի ժամանմամբ ամեն ինչ փոխվեց։ Նա մեծ աշխատանք կատարեց, և անհրաժեշտ է արդար լինել նրա նկատմամբ»։
Նա հավելել է, որ արդեն իր պաշտոնավարման տարիներին նկատել էր երիտասարդ սերնդի ներուժը՝ ընդգծելով, որ այսօր այդ վստահությունը շարունակում է արդարացնել իրեն։
Նիկո Ուիլյամսի տրանսֆերի մասին
Պլանեսը մեկնաբանել է նաև Նիկո Ուիլյամսի տրանսֆերի շուրջ տեղի ունեցածը՝ նշելով, որ նման իրավիճակներ հաճախ են լինում ֆուտբոլում․
«Իմ 25 տարվա փորձի ընթացքում նման բաներ շատ եմ տեսել։ Ամեն ինչ կարող է նախանշել տրանսֆերի իրագործումը, բայց հետո՝ հիասթափություն։ Յուրաքանչյուրն ունի իր պատճառներն ու դրդապատճառները»։
Նա հավելել է, որ Ուիլյամսը հիանալի կհամադրեր Բարսան՝ հարձակման գծում ավելացնելով խորություն, բայց գործարքը հեշտ չէր․
«Բարսելոնան կարիք ուներ Նիկոյի պես ֆուտբոլիստի, սակայն բոլորը գիտեին, որ դա հեշտ բանակցություն չէր լինելու»։
Ռամոն Պլանեսի այս դիտարկումներն ընդգծում են ոչ միայն նրա կապը Բարսելոնայի հետ, այլ նաև նրա խորը պատկերացումները թիմի զարգացման, սերնդափոխության և ֆուտբոլային մտածողության վերաբերյալ։