
Որքան գումար է Բարսան վաստակել Լա Մասիայի կադրերի շնորհիվ
Բարսելոնան շարունակում է արդյունավետ կերպով օգտագործել իր լեգենդար ակադեմիայի՝ Լա Մասիայի հնարավորությունները՝ ոչ միայն առաջին թիմի համար նոր տաղանդներ դաստիարակելով, այլև կարևոր ֆինանսական եկամուտ ապահովելով երիտասարդ խաղացողների վաճառքի միջոցով։
Իսպանական SPORT պարբերականի հաղորդմամբ, վերջին երկու տարիների ընթացքում կատալոնական ակումբը մոտ 96 միլիոն եվրո եկամուտ է ստացել Լա Մասիայի սաների կամ ակումբի երկրորդ թիմի կազմում հանդես եկած երիտասարդ ֆուտբոլիստների վաճառքից։

Եկամուտները ձևավորվել են մի շարք աղբյուրներից՝ ուղղակի փոխանցումներից, վարձակալություններից հետո կատարված պարտադիր կամ ընտրովի գնման կետերից, նաև ապագա վաճառքներից ստացվող տոկոսներից։
Բարսելոնայի տեխնիկական բաժինը վերջին տարիներին որդեգրել է մի ռազմավարություն, որի շրջանակներում գրեթե բոլոր վաճառքներում ներառվում են վաճառքից շահույթի իրավունք ապահովող կետեր։ Այս մոտեցումը թույլ է տալիս ակումբին շահել անգամ այն դեպքում, երբ խաղացողը հեռանում է առանց մեծ գնման գումարի, սակայն հետագայում բարձր գնահատմամբ վերավաճառվում է այլ ակումբի։
Թեև Բարսելոնայի առաջնային նպատակը մնում է սեփական ակադեմիայից առաջին թիմ կադրեր պատրաստելը, ակումբը հստակորեն կարողանում է եկամուտ ստանալ նաև այն տաղանդներից, որոնք չեն կարողանում հաստատվեն գլխավոր կազմում։
Չմոռանաս միանալ մեր Տելեգրամ–ալիքին:
Այս ֆինանսական մոդելը, որում կենտրոնական դեր ունի Լա Մասիան, Բարսելոնային օգնում է կայունացնել իր բյուջեն՝ միաժամանակ պահպանելով ակադեմիայի՝ տաղանդներ աճեցնելու համաշխարհային հեղինակությունը։