ad-banner-1
Բարսելոնա - Վալենսիա

Թիմի գնահատականները. Բարսելոնա – Վալենսիա

Photo: @fcbarcelona

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Կիրակի օրը Բարսան հիանալի հանդիպում անցկացրեց և սեփական հարկի տակ 6:0 հաշվով հաղթեց Վալենսիային։ Ձեզ եմ ներկայացնում Բարսելոնայի ֆուտբոլիստների գնահատականները այդ խաղի համար։

⸻ Ժոան Գարսիա – 7.5

Չնայած նրան, որ Ժոանը այս անգամ ստիպված չէր լինում հիանալի սեյվեր կատարել, նա շատ լավ էր խաղում ոտքով։ Բարսելոնայի գրոհները սկսելիս՝ նրա ճշգրիտ փոխանցումները շատ դրվագներում օգնեցին։

⸻ Ժերար Մարտին – 8

Բալդեի վնասվածքով պայմանավորված՝ Մարտինը ամենաօպտիմալ տարբերակն էր պաշտպանության ձախ եզրի համար, և կարելի է ասել, որ Ժերարը ամբողջովին արդարացրեց իրեն։ Նա հիանալի էր թե արհեստական խաղից դուրս իրավիճակներ ստեղծելիս, թե թիմի գրոհներին միանալիս։

⸻ Պաու Կուբարսի – 8

Այս խաղը, վստահաբար, Կուբարսիի լավագույն ելույթն էր այս մրցաշրջանում։ Կուբարսին բավականին վստահ տեսք ուներ Բարսելոնայի կազմում թե դիրքային խաղում, թե անհատական պայքարներում։ Նրա փոխանցումների ճշգրտության տոկոսը նույնպես բավականին բարձր էր։ Ընդհանուր առմամբ, նա բարձր մակարդակի ֆուտբոլ խաղաց։

⸻ Էրիկ Գարսիա – 7.5

Էրիկը նույնպես բավականին վստահ տեսք ուներ։ Բարսելոնայի սանը չունեցավ անհատական պայքարների մեջ մտնելու այնքան հաճախականություն, ինչքան որ Կուբարսին, բայց նա նույնպես շատ լավ կատարեց իր պարտականությունները։

⸻ Ժյուլ Կունդե – 7

Կունդեն շատ ավելի լավն էր պաշտպանությունում, քան գրոհներին միանալիս։ Նրա խաղում դեռ հոգնածություն է զգացվում, բայց նա այս խաղում բավականին ավելացրել էր։

⸻ Մարկ Կասադո – 8

Կասադոն հայտնվել էր հիմնական կազմում Դե Յոնգի բացակայությամբ պայմանավորված և հիանալի աշխատանք կատարեց։ Նա շատ լավն էր գնդակ վերահսկելիս և մի քանի դրվագներում հիանալի կասեցրեց մրցակցի հակագրոհելու փորձերը։

⸻ Պեդրի – 7.5

Պեդրին այս խաղում իր սովորական դիրքի համեմատ մի փոքր ավելի առաջ էր դասավորվում և ավելի էր միտված հարձակմանը։ Այս խաղում, իհարկե, չտեսանք այն կախարդական Պեդրիին, բայց նա նույնպես հստակ կատարեց իր գործառույթները։

⸻ Ֆերմին Լոպես – 9.5

Երեկոյի գլխավոր աստղը, իհարկե, Ֆերմին Լոպեսն էր։ Նա այս խաղով ցույց տվեց, որ Բարսելոնայում է իր տեղը և պատրաստ է պայքարել մեկնարկային կազմում իր տեղը ունենալու համար։ Նա այս խաղում դարձավ 2 գեղեցիկ գոլի հեղինակ։ Հատկապես տպավորիչ էր նրա խփած երկրորդ գնդակը։ Պետք է նաև նշել, որ բացի խփած գոլերից՝ Ֆերմինը նաև հիանալի էր սրում խաղը։

⸻ Մարկուշ Ռեշֆորդ – 8

Ռեշֆորդը փորձում ներդնել իր մաքսիմալ ուժերը և ապացուցել Ֆլիկին, որ կարող է մրցակցություն ապահովել Ռաֆինյային ձախ եզրի համար։ Պետք է նշել, որ Ռեշֆորդը բավականին ակտիվ էր, անընդհատ լարվածության մեջ էր պահում պաշտպաններին իր տեղաշարժերով և կատարեց մեկ շքեղ գոլային փոխանցում։

⸻ Ֆեռան Տոռես – 7.5

Ֆեռանի մոտ այս խաղը այդքան էլ ստացված չէր գոլային պահերը իրացնելու առումով, բայց նա իր ճիշտ տեղաշարժերով տարածություն էր բացում խաղընկերների համար։ Բացի դա՝ նա հիանալի գոլային փոխանցում կատարեց Ֆերմին Լոպեսին՝ Բարսայի առաջին գոլի ժամանակ։

⸻ Ռունի Բարդաղջի 7

Ռունին իր նորամուտի խաղը անցկացրեց Լա Լիգայում և, ընդհանուր առմամբ, դրական տպավորություն թողեց։ Տվյալ դեպքում կարևորը այն էր, որ նա լարված չէր և հեշտ էր մերվել թիմի խաղի հետ։

⸻ Ռաֆինյա – 8.5

Ռաֆինյան, փոխարինման դուրս գալով, միանգամից ակտիվացրեց խաղը։ դարձավ 2 գոլի հեղինակ և ևս մեկ անգամ ապացուցեց, թե որքան կարևոր է թիմի համար։

⸻ Ռոբերտ Լևանդովսկի – 8.5

Ռոբերտը նույնպես փոխարինման դուրս եկավ և, դառնալով 2 գոլի հեղինակ, ցույց տվեց իսկական գոլահարին բնորոշ հատկանիշներ։ Լևանդովսկին խնդիր ունի վերադարձնել իր տեղը մեկնարկային կազմում և ցույց տված խաղով կարծես թե մոտ է դրան:

Սարգիս Սարգսյան

saqo_8

Հեղինակ՝ saqo_8

fcbarca.am - Ես Սարգիսն եմ, Բարսելոնայի մասին միակ հայերեն կայքի վերլուծաբանը։

Պատասխանել