ad-banner-1

Ռեալ Մադրիդը կարող է Բարսելոնայից բազմամիլիոն փոխհատուցում պահանջել

Բարսելոնայի և Ռեալ Մադրիդի միջև հարաբերությունները շարունակում են սրվել Նեգրեյրայի գործի շրջանակում։ Բարսելոնայի՝ ՈՒԵՖԱ-ի և Եվրոպական ակումբների ասոցիացիայի հետ հաշտվելու և Սուպերլիգայից փաստացի հրաժարվելուց հետո մադրիդյան ակումբը ակտիվացրել է իր գործողությունները՝ թե՛ հրապարակային, թե՛ դատական հարթակներում։

Ռեալ Մադրիդի փաստաբանը դատարանում հարցաքննել է Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտային, իսկ վերջերս ակումբը պահանջել է 2010-2018 թվականների ֆինանսական հաշվետվությունների հետ կապված փաստաթղթեր։

AS-ի հաղորդմամբ՝ Ռեալ Մադրիդը դիտարկում է ավելի հեռուն գնալու տարբերակը՝ այդ թվում Բարսելոնայից բազմամիլիոն եվրոյի փոխհատուցում պահանջելը՝ Նեգրեյրային կատարված վճարումների արդյունքում պատճառված վնասների համար։

Քննության կենտրոնում են դեռևս չկայացած հանդիպումների վերաբերյալ կազմված զեկույցները, ինչպես նաև ենթադրյալ հաշվետվությունները, որոնք, ըստ ցուցմունքների, երբեք չեն հասել մարզչական շտաբին։ Մադրիդյան ակումբը նաև մատնանշում է հակասություններ Բարսելոնայի ղեկավարների ցուցմունքներում՝ կապված մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Նեգրեյրային վճարված 8,4 միլիոն եվրոյի վերաբերյալ նրանց տեղեկացվածության հետ։

Ավելի վաղ Ռեալ Մադրիդին հաջողվել էր երկարաձգել քննության ժամկետը մինչև մարտի 1-ը, որին հաջորդել էր Լապորտայի հարցաքննությունը։ Փաստաթղթերի պահանջը դիտարկվում է որպես հերթական քայլ, սակայն ոչ վերջինը։ Մնում է սպասել Բարսելոնայի արձագանքին։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։